▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը նորից ուլտիմատում է ներկայացրել․ «Մինչև Հայաստանն իր սահմանադրությունը չփոխի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»

«Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ավարտին հասցնել «խաղաղության պայմանագրի» տեքստը՝ մի քանի ամսվա ընթացքում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝  Կանադայի դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերն ընդունելիս։

«Կարծում եմ՝ մի քանի ամսվա ընթացքում մենք կարող ենք վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը, գոնե դրա հիմնական սկզբունքները»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե նախկինում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկում էին պայմանավորվածության գալ հիմնական սկզբունքների շուրջ։

«Միջնորդների ծրագիրն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կոչվում են Մադրիդյան սկզբունքներ։ Դրանք պիտի նախաստորագրվեին, ապա պետք է կազմվեր տեքստը։ Կարծում ենք, որ դա նույնպես տարբերակ է՝ պայմանավորվածության գալ հիմնական սկզբունքների շուրջ, ապա աշխատանք տանել պայմանագրի տեքստի ուղղությամբ»,- ըստ ՏԱՍՍ գործակալության, ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը այս համատեքստում կրկին հիշատակել է ՀՀ սահմանադրության մասին իր թեզը՝ հերթական անգամ նախապայման առաջ քաշելով ու ասելով, թե «խաղաղության պայմանագիրը» կարող է ստորագրվել, եթե Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ այնտեղ «տարածքային պահանջներ կան» Ադրբեջանի նկատմամբ։ Մինչև այդ փոփոխությունը տեղի չունենա, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի»,- ասել է Ալիևը։

***

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ իշխանությունները հավասարը չունեն իրենց տեսակի մեջ` պարուրված ստով ու կեղծիքով ոչնչացնում են այն ամենը ինչ եղել է՝ Արցախ, Հայաստան, Հայ, Արժանապատվություն, Ազգային արժեքներ… Բաքվի բռնապետը քիչ առաջ հայտարարում է` «խաղաղության պայմանագիր» Հայաստանի հետ կկնքի միմիայն ՀՀ Սահմանադրության փոփոխության դեպքում ու նաև պիտի «փոխադարձ վերադարձ» լինի, իսկ Հայաստանի իշխանությունը զավթածները՝ լսողությունն ու տեսողությունը կորցրած, նույն երգն են երգում. «շուտով խաղաղության պայմանագիր կկնքեն», իսկ երկրորդ շարքում կանգնած ուսապարկերի կրկներգը՝ նոյեմբերին ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Սա մի բան է նշանակում` այս իշխանություններով խաղաղություն ՉԻ’ լինելու։ Այլնտրանք չկա… Միակ փրկությունը՝ Հայաստանը պիտի ազատագրվի իշխանազավթիչներից… Հայաստանը պիտի ուժեղ լինի, որ Արցախ լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more