▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԶՊՄԿ-ն գերազանց արդյունքներ ունի՝ 3 տարի անընդմեջ 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջատարն է․ Ջհանյան

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» գերազանց արդյունքներ ունի՝ 3 տարի անընդմեջ 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջատարն է։ Ավելին՝ ոչ միայն առաջատարն է, այլև շատ մեծ առավելությամբ է առաջատար»,- Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած՝ «Հայաստանի տնտեսական զարգացման միտումները՝ խոշոր հարկ վճարողների տնտեսական բաշխվածության համատեքստում» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հանքագործների և մետալուրգների միության» նախագահ Վարդան Ջհանյանը։

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ԶՊՄԿ-ն, որը 2023թ․պետական բյուջե է վճարել 70,9 մլրդ դրամ հարկեր և տուրքեր։

Ընդ որում՝ ավելացել են ոչ միայն կոմբինատի վճարած հարկերը, այլ ստացած շահույթը։

Ջհանյանն ընդգծել է, որ եթե 2014-2020 թվականներին ընկած յոթը տարիներին կոմբինատն ընդամենը մեկ անգամ է գլխավորել խոշոր հարկատուների ցանկը, ապա վերջին 3 տարիներին՝ նոր սեփականատիրոջ պարագայում անընդմեջ է գլխավորում, և կաշխատեն ադ դիրքը պահել առաջիկա տարիներին ևս։

Միության նախագահը նաև հավելել է, որ ի տարբերություն ԶՊՄԿ-ի՝ հանքարդյունաբերական մյուս ընկերությունները նույն հաջողությունը չեն գրանցել։

Ավելի փոքրաթիվ՝ 100 խոշոր հարկատուների շարքում ԶՊՄԿ-ից բացի կան 4 այլ խոշոր հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք բոլորը միասին անցած տարի վճարել են շուրջ 30 մլրդ դրամի հարկեր՝ ավելի քան կրկնակի քիչ, քան կոմբինատն է վճարել։

Ջհանյանը նաև ասել է , որ ընդհանուր հանքարդյունաբերության վրա բացասական ազդեցություն է ունեցել դոլարի արժեզրկումը և հավելել է, որ ոլորտում առկա խնդիրների և ծրագրերի շուրջ աշխատում են Հայաստանի կառավարության հետ։

Նոր ծրագրեր են նախատեսվում նաև ԶՊՄԿ-ում։

Ասուլիսին ներկա էր նաև «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, որն էլ իր հերթին ընդգծե, որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության և արտահանման հիմնական ճյուղերից մեկն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին