Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հերթական հանձնարարականները տվեց:
Նա անդրադարձավ նաեւ կառավարմանն ու կառուցվածքին. «Հանձնարարում եմ բոլոր մարմիններին` վերանայել բոլոր ՊՈԱԿ-ների նպատակահարմարությունը ու թվաքանակի կրճատման ու օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ անել՝ գործառույթները պետք է լինեն հստակ ու չկրկնվող: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք հստակ ֆինանսական միջոցներ են ստանում ամեն տարի, դրանք պետք է շատ խիստ, կոշտ վերանայվի, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր լուման վերանայվի, թե ինչ նպատակի է այն ծառայում, քանի որ նրանց պրոդուկտը չեմ տեսել: Օպտիմալացումը վերաբերում է նաեւ ԾԻԳ-երին: Հանձնարարում եմ Սպորտի, Քաղշին նախարարություններին մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց կազմում առկա ԾԻԳ-երի լուծարման նախագիծը: Պետք է մի ամփոփ կոնցեպցիա ունենանք»:
Հանձնարարականներից մեկն էլ վերաբերում էր տարածքների համաչափ ու տնտեսական զարգացմանը. «Տարածքային կառավարման նախարարին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում էկոնոմիկայի, Սպորտի, Կրթության, Էներգետիկայի, Տրանսպորտի նախարարություններին՝ ուսումնասիրել բոլոր ոլորտների պետական բյուջեի թեմատիկ դաշտերը ու ներկայացնել առաջարկներ, որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում: Ձեռնարկել մեխանիզմներ, որ բոլոր համայնքների ծրագրերը մշակվեն նոր մեթոդաբանությամբ. յուրաքանչյուր բնակավայր ու կառավարիչ պետք է ունենա հորիզոն, թե ինչ է ուզում, որ այդ բնակավայրում ունենա, նաեւ՝ պետք է ունենա երազ»: