MLS-ի ընթացիկ առաջնությունում տպավորիչ խաղով աչքի է ընկնում Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյքում»: 3-րդ տուրում «Լոս-Անջելես Գելեքսիի» հետ խաղում Մովսիսյանը առաջին գոլը խփեց «Սոլյթ Լեյքի» կազմում, իսկ 5-րդ տուրում «Մինեսոտա Յունայթեդի» դեմ մրցավեճում մեր հարձակվողն աչքի ընկավ երկրորդ անգամ:
Ակնհայտ է, որ Մովսիսյանը խաղից խաղ բարելավում է մարզավիճակը: Ղազախստանի հավաքականի հետ մրցավեճում, չնայած մեր հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ տարավ, այդուհանդերձ՝ կրկին անգամ համոզվեցինք, որ բարձրակարգ հարձակվողի խնդիրը գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի համար շարունակում է օրակարգային մնալ: Առջևի գիծը ուժեղացնելու համար Հայաստանի հավաքականի մարզիչը տակտիկական փորձարկումներ է կատարում, սակայն կադրային խնդիրների հետևանքով այդ փորձարկումները շոշափելի արդյունք չեն տալիս:
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 5 հանդիպումներում 6 գնդակ է խփել: Այդ 6 գնդակներից ոչ մեկը չի հեղինակել նոմինալ հարձակվողը: Ավելին, Լեհաստանի ազգային հավաքականի հետ արտագնա խաղում մեր հավաքականը խաղաց առանց նոմինալ հարձակվողի: Այդ ժամանակ Հայաստանի ազգային թիմը գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը, ով երեք անընդմեջ պարտություններից հետո հեռացավ: Ինչևէ, ընթացիկ փուլում Հայաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել կիսապաշտպաններ Մարկոս Պիզելին, Արտակ Գրիգորյանը, Գևորգ Ղազարյանը, Արազ Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Ընտրական բոլոր 5 մրցավեճերում խաղադաշտում այդպես էլ չտեսանք այն հարձակվողին, ով լրջորեն կանհանգստացներ մրցակիցներին: Արթուր Սարկիսովը, Ռուսլան Կորյանը խաղային որոշ դրվագներում վատ չեն գործում, բայց նրանց հետ մեծ հույսեր կապելը, կարծում ենք, պատեհ չէ: Կորյանը և Սարկիսովը մեր ազգային հավաքականին պետք են: Երկու ֆուտբոլիստներն էլ կարող են երկրորդ կեսում փոխարինման դուրս գալով մեծացնել ճնշումը, բայց ոչ ավելին: Մի քանի դեպքերում Սարկիսովը հանդիպման վերջնամասում ասպարեզ դուրս գալով՝ գոլեր է խփել:
Ինչ վերաբերում է Եկատերինբուրգի «Ուրալը» ներկայացնող Էդգար Մանուչարյանին, ապա նա բարձրակարգ հարձակվող է և Հայաստանի ազգային հավաքականի կազմում բազմիցս է աչքի ընկել: Բայց Մանուչարյանը չունի առաջատարի հատկանիշներ և ոչ միշտ է կայուն խաղ ցուցադրում: Նկատենք նաև, որ վերը թվարկած հարձակվողներից ոչ մեկը օդային մենամարտերում կամ, ինչպես ընդունված է ասել, «երկրորդ հարկում» չի փայլում:
Հայաստանի ազգային հավաքականի պատմության ընթացքում ըստ էության ունեցել ենք սոսկ մեկ առաջատար հարձակվող՝ Յուրա Մովսիսյանը: Այսօր երբ ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը իրական հնարավորություն ունի ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու՝ Մովսիսյանի վերադարձը ուղղակի անհրաժեշտություն է, հասարակական պահանջ: Ընդունենք, որ առանց Մովսիսյանի խմբային փուլի առաջիկա հինգ հանդիպումներում դժվար կլինի բարձր արդյունքներ ցույց տալ և գրավել երկրորդ հորիզոնականը: Դժվար է գտնել ֆուտբոլասերի, ով այսօր չի ցանկանում Մովսիսյանին նորից տեսնել Հայաստանի ազգային հավաքականում: «Պետք է Յուրային ետ բերենք, որպեսզի կարողանանք հաղթել Մոնտենեգրոյին» դիտարկումը հնչեցնում են գրեթե բոլոր երկրպագուները:
Հունիսի 10-ին Հայաստանի հավաքականը կարևորագույն հանդիպում է անցկացնելու՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով Մոնտենեգրոյին: Չցանկանալով անդրադառնալ Մովսիսյանին ազգային հավաքականում հանդես գալու հնարավորությունից զրկված լինելուն և նրա հասցեին հնչող մեղադրանքներին՝ նշենք միայն, որ ունենք երկու ամիս ժամանակ Մովսիսյանին ետ բերելու համար: Պետք է գիտակցել, որ նրա վերադարձը միայն ու միայն կօգնի Հայաստանի հավաքականին:
Հեղինակ՝ Դավիթ Ջալալյան