Life.panorama.am-ը գրում է. Շուրջ մեկ շաբաթ առաջ «Շանթ» հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Խոպանի տեսություն» սիթքոմը, որում դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մարմնավորում է ալավերդցի միամիտ աղջկա: Նախօրեին համացանցում տարածվեց հաղորդագրություն՝ մի խումբ ալավերդցիների կողմից, որում նշված է. «Կոչ ենք անում բոլոր ալավերդցիներին բողոքել, բոյկոտել Շանթով հեռարձակվող «Խոպանի տեսություն» սերիալը։ Սերիալում ալավերդցու անվան տակ ներկայացվում է մի աղջիկ, ով սովորելու նպատակով մարզից Երևան է գնացել։ Այն խաղը և կերպարը, որ մարմնավորում է աղջիկը հեռու է ալավերդցու կերպարից։ Բացի այդ, սա վիրավորում է ալավերդցիների արժանապատվությունը, քանի որ մեզ ներկայացնում է իբր թե գյուղատիպ, անճաշակ, միամիտ և այլ բացասական տեսանկյունից։ Մենք պահանջում ենք, որ սերիալի սցենարիստները, ռեժիսորը անհապաղ դադարեն Ալավերդի բառն օգտագործել իրենց սերիալում։ Պահանջում ենք նաև, որ Շանթ հեռուստաընկերությունը ներողություն խնդրի ալավերդցիներից»:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Շանթ հեռուստաընկերության հետ, որտեղից տրամադրեցին հետևյալ պարզաբանումը. «Հարգելի ալավերդցի հեռուստադիտողներ, նախ շնորհակալություն ենք հայտնում, որ ձեր թանկարժեք ժամանակից հատկացնում եք և դիտում եք մեր նոր նախագիծը, որը կոչվում է «Խոպանի տեսություն»:
Կուզենայինք նշել, որ նախագծի ստեղծագործական խումբը մեծ ուշադրություն է դարձնում, որպեսզի որևիցե վիրավորական խոսք կամ արտահայտություն երբևէ չհնչի եթերից որևէ մեկի հասցեին՝ թե լոռեցիների, և թե Հայաստանի ցանկացած մարզերի բնակիչների: Խորհուրդ կտայինք նախքան իրենց մեկնաբանությունները գրառելը տարբեր կայքերում նախևառաջ դիտել սիթքոմը այնուհետև արտահայտվել, չնայած, որ այսօր ամենաարդի հումորներից մեկը դարձել է «Երևանը Հայաստանի ամենամեծ գյուղն է» արտահայտությունը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում