▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորենը պաշտում էր 9-ամյա Նինային. նա չէր կարող սպանել իր կնոջը և երեխային. հայ գործարարի ընկերները վրդովված են

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Օրեր առաջ մենք տեղեկացանք, որ Մոսկվայում մեր լավ ընկեր, գործարար Խորեն Ղազարյանը կորցրել է կնոջը և իր 9-ամյա աղջկան: Նախնական  առաջին վարկածով Խորենի կինը` Վիկտորյա Կարագուլյանը, սպանել է իրենց աղջկան` Նինային, ապա ինքնասպանություն գործել, ինչն անհեթեթ էր, որովհետև դանակը  գտել էին սպասք լվանալու մեքենայի մեջ: Հետո  տեղեկացանք, որ արդեն հենց Խորենն է կասկածվում  երեխայի և կնոջ սպանության մեջ: Խորենն այդպիսի բան անել պարզապես չէր կարող, որովհետև նա ուղղակի պաշտում էր իր ընտանիքին, իր աղջկան: Նա շատ խելացի, զուսպ և հիանալի նկարագիր ունեցող հայ մարդ է: Խորենը միշտ օգնության ձեռք էր մեկնում բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանից  մեկնում էին Մոսկվա արտագնա աշխատանքի»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դրամատուրգ, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը, ով Խորեն Ղազարյանի վաղեմի ընկերներից է:

Նշենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել շաբաթ գիշերը Խորեն Ղազարյանի՝ Կրեմլին նայող մոսկովյան առանձնատանը, որտեղ հայտնաբերել էին նրա կնոջ՝ 41-ամյա Վիկտորյայի եւ աղջկա՝ 9-ամյա Նինայի մարմինները՝ դանակից ստացած հարվածների հետքերով։ Խորեն Ղազարյանը դեռևս սպանության միակ կասկածյալն է և ներկայումս ձերբակալված է, սակայն Asekose.am-ի խմբագրություն այցելած  գործարարի  երևանյան ընկերները ոչ միայն չեն հավատում, այլև պնդում են, որ այս դաժան սպանությունների հետ Խորեն Ղազարյանը որևէ առնչություն չունի:

«Խորենը միշտ կրկնում էր, որ եթե մարդիկ ցանկանում են իր հետ լավ հարաբերություններ ունենալ, ապա կարող են զանգել և հարցնել դստեր որպիսության մասին: Նա ուղղակի պաշտում էր 9-ամյա Նինային, ով երկար սպասված երեխա էր, չէ՞ որ, երբ նա ծնվել էր, Խորենն արդեն 41 տարեկան էր»,-մեզ հետ զրույցում ասաց Խորեն Ղազարյանի նախկին հարևանուհի Տաթևիկ Հարությունյանը: Վերջինիս խոսքով` իրենք  նույնիսկ չգիտեն՝ այս ամենից հետո Խորենը կկարողա՞ ապրել, թե՞ ոչ:

Ընկերների կարծիքով` նույնիսկ Խորենը չի կարող բացատրել, թե ով կարող է այս ամենի հետևում կանգնած լինել,  ըստ նրանց` որևէ  մեկը չուներ նման արարք գործելու դրդապատճառ: Ընկերների պնդմամբ՝  չնայած իր կարողությանը` Խորենը շատ համեստ և հասարակ անձնավորություն էր, և ռուսական մամուլում հայտնված տեղեկատվությունը, որ Խորենը խաղամոլ էր, ուղղակի անհեթեթ է: Միաժամանակ ընկերները նշեցին, որ Խորեն Ղազարյանն արդեն մի քանի տարի ակտիվ բիզնեսով չէր զբաղվում: Անդրադառնալով Խորենի և Վիկտորյայի հարաբերություններին` ընկերները նշեցին, որ դրանք իսկապես լավն էին.

«Կնոջ համար Խորենն ուղղակի Աստված էր... Նա հրաշալի հայր և ամուսին էր, ավելին`  սպանության օրը  Խորենը տուն էր վերադարձել` կարծելով, որ ընտանիքի անդամները քնած են և միայն նրանց չանհանգստացնելու նպատակով էր  քնել  իր մեքենայի մեջ:  Ոչինչ չէր հուշում սպասվող վտանգի մասին. նախքան դեպքը  Վիկտորյան երեխայի հետ հեռուստացույց էր նայել, ավելին` համացանցի միջոցով Խորենի բարեկամուհիներից մեկի հետ էր շփվել… Տեղեկացնեմ նաև, որ Խորենը Վիկտորյայի հետ թեև պաշտոնապես ամուսնացած չէր, սակայն իր ամբողջ ունեցվածքը գրանցել էր նրա ծնողների անվամբ. սա խոսում է նրանց տան վստահության և համերաշխության մասին: Չեմ կարող չհիշել նաև այն դեպքը, երբ Խորենը, 8 ամիս ապրելով Երևանում և խնամելով իր հիվանդ հորը, ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ընտանիքին տեսնելու նպատակով մեկնում էր Մոսկվա: Ավելին` ասում էր, որ եթե Նինան սիրի Հայաստանը, իրենք անպայման Մոսկվայից կվերադառնան հայրենիք: Այսինքն` հաշվի էր նստում 9 տարեկան երեխայի կարծիքի հետ»,-ասաց Տաթևիկ Հարությանը:

Թե Քրիստ Մանարյանը, թե Տաթևիկ Հարությունյանը, թե Asekose.am-ի խմբագրություն այցելած մյուս ընկերները այժմ վրդովված են ոչ այնքան ռուսական կողմից,  որքան  հայկական ԶԼՄ-ներից, որովհետև նրանց խոսքերով`  վերջիններս այսքան ժամանակ պարզապես կուրորեն արտատպում են այն, ինչ ներկայացնում են ռուսները.

«Ռուսական շատ լրատվամիջոցներ դեպքը ներկայացնում էին ոչ օբյեկտիվորեն, խեղաթյուրում էին շատ փաստեր: Ավելին` «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը նույնիսկ հեռացնում էր մեր թողած մեկնաբանությունները»,  կամ էլ գրում, որ Խորենը շատ սառնասրտորեն է մոտեցել այս ողբերգությանը, այն դեպքում, որ նրա  մոտ շոկային վիճակ է:  Գրում էին նաև, իբրև թե Խորենը հրաժարվել է պոլիգրաֆից` այսինքն` ստի դետեկտորից, ինչը ևս չի համապատասխանում իրականությանը: Ստացվում է. որ ռուսները ստեղծում են այդ բացասական մթնոլորտը Խորենի անվան շուրջ, հայկական կողմն էլ անուշադրության է մատնում, որ Խորենը մեր լավ հայրենակիցն է, և առանց որևէ հետաքննության թարգմանաբար ներկայացնում է նրանց վարկածները»-Asekose.am-ին ասացին վրդովված ընկերները:

Հավելենք նաև, Խորեն Ղազարյանի ընկերները և հարազատները համոզված են, որ, ի վերջո, հետաքննությունը կապացուցի Խորենի անմեղությունը:

Առավել մանրամասն` տեսանյութում

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին