Հետեւելով պաշտոնական տեղեկատվությանը, գալիս ենք այն եզրակացության, որ հայկական բանակը պատասխանել է այն սադրանքին, որն իրականացրել է Ադրբեջանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ադրբեջանը երեւի թե նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել: Իսկ ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է շարունակական ճնշումները հաջորդական դարձնելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության եւ հաղթողի դիրքից: Իրենց նպատակը Հայաստանի վրա ճնշումներն են եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է: Եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեր նկատմամբ չի փոխվել: Յուրաքանչյուր բանակցության փուլին զուգահեռ, դրանից առաջ, հետո, կամ ընթացքում իրենք ուժային ճնշումներ ու սադրանքներ են կազմակերպում, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների: Փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, իրենք բանակցություններում հաջողություններ չեն կարող ունենալ»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ կանխատեսելով, որ Ադրբեջանը շարունակելու ճնշումները եւ պարտադրելու է կեղծ խաղաղության օրակարգի մեջ մտնել:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները պետք է իրենց կարողություններն ավելացնեն ռազմական ու քաղաքական գիտելիքները բարձրացնեն. «Ճիշտ գնահատականն է, որ հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ ընդունել»:
Սեյրան Օհանյանը նկատեց, որ այս սադրանքի նպատակը եւ դիրքային բարելավում ստանալն էր, եւ Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը. «ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ առաջընթացով գործեն: Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են»,-ասաց նա: