▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղության կոչ անող 12-ամյա Մերին «Մանկական Եվրատեսիլ 2014»-ի բեմում

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունենալու «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը, որտեղ իրենց ելույթներով հանդես են գալու մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած 10 մասնակիցներ:

Նրանցից մեկը 12-ամյա Մերի M-ն է, ում «#Peace» երգն արդեն իսկ լայն տարածում ունի համացանցում և առաջատարներից մեկն է:

Մերի M երգչուհու, «Մանկական Եվրատեսիլ 2014»-ին մասնակցելու, երգի ընտրության, Մերիի հնարավոր հաղթանակի և այլ հարցերի շուրջ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանի հետ:

Մեզ հետ զրույցում Դավիթն ասաց, որ ընդամենը 6 ամիս է, ինչ համագործակցում է Մերիի հետ:

«Մերիի հետ սկսեցինք աշխատել, երբ առաջարկ ստացա, որ Bianco Media Films»,-ը նկարահանի տեսահոլովակ նրա առաջին` «HeYo» երգի հիման վրա (Դավիթ Բադալյանը հանդիսանում է նաև Bianco Media Group-ի սեփականատեր և  Bianco Media Films-ի համասեփականատեր):

Դավիթի խոսքով` «Մանկական Եվրատեսիլ 2014»-ի նախընտրական փուլին մասնակցելն իր և Մերիի համատեղ որոշումն է: Արդյունքում, երկկողմանի համագործակցության շնորհիվ ծնվել է երգը, որը խաղաղության մասին է և կոչվում է «#Peace»:

«Մեր նպատակն ավելի շատ այն է, որ այս երգը խաղաղության շարժում դառնա երեխաների կողմից: Երգի մեջ 15 լեզուներով հնչում է խաղաղություն բառը և երգը ներկայացված է ռոք-բալլադի տեսքով»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Բադալյանը:

Ի դեպ` քրտնաջան և պատասխանատու աշխատանքի ժամանակ եղել են նաև զվարճալի դեպքեր` կապված երգի հետ.

«Իրականում երգի մեջ խաղաղություն բառը տարբեր լեզուներով երգելը Մերիի քույրիկի գաղափարն էր: Փորձելով ճշտել խաղաղություն բառի թարգամանությունն ու բառի ճիշտ արտաբերումը` մենք հավաքում էինք տարբեր երկրների համարներ և պատահականության սկզբունքով առաջին պատասխանողից հարցնում էինք մեզ հետաքրքրող հարցը»:

Իսկ թե որքանո՞վ է պրոդյուսերը գնահատում հաղթելու իրենց հավանականությունը և արդյո՞ք բացի Մերիից ուրիշ ֆավորիտներ ունի, Դավիթը նշեց, որ եթե հետևենք համացանցային քննարկումներին և հավանություններին, ապա կտեսնենք, որ նրանք առաջին հորիզոնականում են:

«Ասեմ, որ առաջին հերթին մեր գերնպատակը հաղթանակը չէ, բայց, ամեն դեպքում, այն մեզ կօգնի, որ մարդիկ տեսնեն և լսեն, որ այս պահին ամբողջ աշխարհում տիրող լարվածությանը հենց երեխան է խաղաղության կոչ անում: Նշեմ, որ սեպտեմբերի 14-ին կայանալիք Մերիի ելույթին շատ լուրջ ենք մոտենում: Սկսած հագուստներից վերջացրած բեմական պարագաներից ամեն ինչ մանրակրկիտ մտածված է և նոր: Մի խոսքով, այդ օրը մաքսիմալը, ինչ թույլատրվում է բեմում, լինելու է»,- պատասխանեց Մերիի պրոդյուսեր Դավիթ Բադալյանը` ավելացնելով, որ բացի Մերիից, նա ունի ևս երկու ֆավորիտ, որոնք են Սրբուհին և DDJ-ն` իրենց «Զուռնա» երգով և Էլինան ու Արմանը` «Galaxy» ստեղծագործությունով:

Իսկ ինչ վերաբերում է երգի հասցեին հնչող քննադատություններին, Դավիթն ասաց, որ դա բնական երևույթ է համարում և որ նա խորհուրդ է տալիս Մերիին ամեն կերպ շրջանցել և ուշադրություն չդարձնել դրանց:

Տեղեկացնենք նաև, որ երգն ունի իր QR կոդը, որի օգնությամբ համապատասխան ծրագրի շնորհիվ երգը կարելի է հեշտությամբ որոնել սեփական հեռախոսի մեջ:

 

 

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին