«Գոյություն ունեն հասարակ բանաձևեր՝ բնակչության թիվը ճշտելու համար.ուստի կարելի է մահացած մարդկանց թիվը բազմապատկել միջին տարիքի հետ: Եթե տարեկան մահանում է 30.000 մարդ և միջին տարիքը 74.2 է, ուրեմն 30.000-ը բազմապատկում եք 74.2-ով և ստանում եք բնակչության թիվը» ,-«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին՝ պատգամավորի կարծիքով դիտավորյալ է արված.
«Դեկտեմբերի 6-ին քվեարկելու ենք Ղարաբաղի հարցի համար.փոխում ենք, որ կարողանանք մի քանի շրջան զիջել, որովհետև համարում են, որ նախագահը չի զիջի: Դրա համար գոհ են և ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը: Մի՛ համոզեք ինձ ձեր խորհրդարանական ընտրությունով: Նման պետություններում նախագահին վերաբերող հոդվածները մեծամասնություն չեն կազմում: Տնտեսական բլոկը լրիվ խայտառակություն է.ի՞նչ իրավունք ասես, որ տրված չէ Կենտրոնական բանկին: Ու նման Սահմանադրությանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի նման մեկը կողմ է, քանի որ իրեն ասել են, որ սա կարևոր է՝ տարածաշրջանում հարցեր լուծելու համար: Ինձ համար բացարձակապես անընդունելի է նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի պահվածքը: Ընդհանրապես հոգնեցրեց իր ազգական պաշտոնյաներով երկիրը լցնելով։ Կամ վարչապետն ի՞նչ գործ ունի «այո»-ի շտաբի պետը լինելու հետ: Ձեզնից շատերը, որոնք կողմ են սահմանադրական փոփոխություններին, գլխի էլ չեն ընկնում, թե իրականում ինչ պրոցեսներ են ընթանում: Փոշմանելու եք, այս ելույթս տարիներ հետո հիշելու եք: Սաղ երգերը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը:Մենք լրիվ փոսի մեջ ենք»,-եզրափակեց Հրանտ Բագրատյանը:
«Ձեր կարծիքը բացարձակ ճշմարտություն մի ներկայացրեք.չի կարելի տարածքները հանձնելու մեջ մեղադրել»,-արձագանքեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: