▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչիկ Ասրյանի պատասխանը Ռուբեն Հախվերդյանին

Դիտեք նաև՝

      Հայաստանի Հանրապետության արժանապատի´վ քաղաքացիներ

      Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում` Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի օրը, իրեն կորցրածի կերպարով, ինքնասիրահարված Ռուբեն Հախվերդյանի կողմից գիտակցաբար հնչեցված հակապետական, հակահայկական մտքերը ուղղակի ապշեցրել են Հայաստանի Հանրապետության հարյուր-հազարավոր հայրենասեր քաղաքացիների, այդ թվում` նաև ինձ:  Ռուբեն Հախվերդյանի այս խոսքերը ուղղակի ջուր լցրեցին հորինված ադրբեջանական պետության ջրաղացին: Այն, ինչ ես տեսա և լսեցի էլեկտրոնային կայքերում տեղադրված տեսանյութից, ուղղակի խորին հիասթափություն ապրեցի ոչ միայն հարբած և մոլորված, ոտքի վրա հազիվ կանգնող երգիչ Հախվերդյանից, այլ նաև հրապարակում նրան ծափահարող մի հատված ամբոխից (այլ ոչ թե քաղաքացիներից):

     «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի, նորմա՞լ ա էդ»,- սրանք աշխարհաքաղաքացի Ռուբեն Հախվերդյանի խոսքերն են:

      Պատվարժա´ն հայրենակիցներ, ապրելով Հայկական բարձրավանդակում, որի հարևանները ամենուր թշնամանքով են լցված մեր պետության և ժողովրդի հանդեպ, յուրաքանչյուրս, մասնակիցը լինելով հայ ազգային-ազատագրական պայքարին, արցախյան չհայտարարված պատերազմին, ամեն օր խոնարհվելով հայ ժողովրդի անվտանգությունը, հայոց պետականության սահմանները պաշտպանած, հայկական երկրորդ հանրապետությունը` Արցախը ազատագրած և գիտակցաբար նահատակված բազմահազար հերոս քաջորդիների շիրիմների առջև,  Ազատության հրապարակում մոլորյալի կերպարով դրսևորվող Ռուբեն Հախվերդյանի կողմից հնչեցված  թուրքամետ  խոսքերին  շատերդ  համաձայնվում և  ծափահարում եք: Ինչո՞ւ, ի՞նչի համար:

      Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել Ռուբեն Հախվերդյանին և նրան ծափահարողներին ու ասել, որ պատմական Արցախը ադրբեջանական հեռավոր գավառ չէ, որ ոչ վաղ անցյալում Արցախի ազատագրման պատերազմում գիտակցաբար նահատակված հազարավոր քաջորդիների մարմինները հանգչում են բազմաթիվ եռաբլուրներում, քաջորդիներ, որոնք եղել են, կան ու կլինեն ամեն մեկիս եղբայրներն ու քույրերը: Եվ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին քաղաքացիների առջև հարբածի կերպարանքով հանդես եկող ոմնը բարձրացնում է և հաստատում Լեռնային Ղարաբաղի ոչ հայկական լինելու հարցը, ապա այդ ոմնի արյան տեսակը պետք է շտապ ստուգել և այդ հրատապ խնդրով առաջին հերթին պետք է մտահոգվի Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբեք կոչ չեմ անի կտրել Ռուբեն Հախվերդյանի ականջները, կոչ չեմ անի բոյկոտել նրա համերգները, որովհետև նա` որպես երգիչ, արվեստագետ, որպես հասարակական գործիչ, իր մահկանացուն կնքեց Ազատության հրապարակում` ուրանալով հայկական երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Թող ոչ  մեկը չհամարձակվի ասել, որ ճակատագրական սխալը Ռուբեն Հախվերդյանի լեզվի սայթաքում էր: Ռուբեն Հախվերդյանը Եռաբլուրի պանթեոնում հերոսների հանգչող հոգիների հանդեպ տարրական հարգանք չցուցաբերեց և իրականում դարձավ պատմական հայրենիքը ուրացող: Եվ նրանք, ովքեր կփորձեն ընդդիմանալ իմ ճշմարիտ, կոշտ և կոպիտ խոսքերին, թող շատ լավ գիտակցեն, որ խոսքերս բացառապես ուղղված են աստվածային հողի վրա ապրող հայ ժողովրդի կատարած մեծագույն սխրանքների պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվության պահպանմանը, և, վերջապես, արևի տակ ապրելու յուրաքանչյուրիս իրավունքներին: Եվ ոչ մեկս` լինենք պետական պաշտոնյա թե շարքային քաղաքացի, երգիչ թե կոշկակար, մարզիկ թե  մանկավարժ, իրավունք չունենք գիտակցաբար ջուր լցնելու մեր հարևան թշնամի` հորինված Ադրբեջան կոչվող պետության ջրաղացին, ավելին` գիտակցաբար ոչնչացնելու մի ողջ ժողովրդի` հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը` Արցախի անկախությունը` դրանով դառնալով սրբապիղծ:

 

 Հարգանքով`

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

կազմակերպության հիմնադիր նախագան Խաչիկ Ասրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին