▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչիկ Ասրյանի կոչը մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին

Դիտեք նաև՝

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագան Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

 «Նախևառաջ ողջունում եմ փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում պատվավոր 2-րդ տեղը զբաղեցրած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մարզեր այցելելու և իրեն ընտրած քաղաքացիների հետ հանդիպելու որոշումը, սակայն միաժամանակ չեմ կարծում, թե որևէ մարզում խուճապային իրավիճակ է` Րաֆֆի Հովհաննիսյանի այցելության համար, ինչպես ճոխացված ներկայացվում է որոշ լրատվամիջոցների կողմից:

 Անկեղծ ասեմ, եթե ես լինեի մարզպետը, քաղաքային կամ գյուղական համայնքի ղեկավարը, անձամբ ինքս Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին կմասնակցեի նրա կողմից կազմակերպված մարզային-համայնքային բոլոր հանդիպումներին: Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած հանդիպման ներկա քաղաքացիներին առանց խուճապի, հաղթանակած կերպարով, Րաֆֆի Հովհաննիսյանի աչքերի մեջ նայելով կներկայացնեի ընտրությունների իրական, իսկական պատկերը, այն է` գործող նախագահ Սերժ Սարգսյանի արդարացի, բացարձակ, ճշմարիտ հաղթանակը:

 Իսկ այսօր ստացվում է այնպես, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է որևէ համայնքի իրեն ընտրած բնակիչների հետ, և այդ համայնքում հանդիպմանը ներկա չեն նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուներից, Սերժ Սարգսյանին ընտրած քաղաքացիներից, իրոք Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման մասնակիցների համար դառնում է միակը և  իրեն պատկերացնում է «հաղթանակած նախագահի» կարգավիճակում:

 Ուզում եմ կոչ անել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետներին, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներին, որոնց գերակշիռ մասը Հանրապետական կուսակցության անդամներ են, և նրանց, ովքեր եղել են նախագահական ընտրություններում անվիճելի հաղթանակ տարած Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների պատասխանատուները, Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունների ժամանակ անձամբ դիմավորեք նախագահական ընտրություններում պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, անձամբ մասնակցեք նրա կազմակերպած բոլոր հանդիպումներին և առանց վախենալու, հաղթանակած ոգով, թեկուզև Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից հետո ներկաներին դուք նույնպես ևս մեկ անգամ ներկայացրեք ընտրությունների իրական պատկերը` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաստատուն և համոզիչ հաղթանակը: Միաժամանակ ներկայացրեք Րաֆֆի Հովհաննիսյանի իսկական պարտությունը նրա անմիջական ներկայությամբ: Երբեք չամաչեք, չայլայլվեք` պաշտպանելու ու տեր կանգնելու Հայաստանի նորագույն պատմության մեջ համապետական ամենաարդար ընտրություններում  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ինքնադրսևորման ազնվագույն հաղթանակը` միաժամանակ հյուրասիրելով և բարի ճանապարհ մաղթելով Րաֆֆի Հովհաննիսյանին: Այլապես «փախչելով» Րաֆֆի Հովհաննիսյանից Դուք ակամայից ուժեղացնում եք նախագահական ընտրություններում ակնհայտ պարտված թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին