«Ցավոք, բազմաթիվ նշաններ կան, որ մեր իշխանությունը ցանկանում է տարածքներ զիջել, սակայն, կկարողանան դա իրագործել, թե ոչ՝ խիստ կասկածում եմ, որովհետև հասարակության մեծ մասի համար դա ընդունելի չէ: Իմ բոլոր հանդիպումներն Արցախում դրա հակառակն են ցույց տվել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմը սկզբունքորեն պետք է դեմ լինի տարածքների զիջմանը.
«Ավելին, ըստ միջազգային իրավունքի, երբ նայում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին, Ազգերի լիգայի կողմից 1920 թվականի փետրվարի 24-ին գծած և առաջարկած սահմանով Ադրբեջանը ՀՀ-ի 12.000քմ-ն օկուպացված է պահում: Հետևաբար, եթե փոխզիջում է, մենք կարող ենք համաձայնել,այն ինչ վերահսկում ենք` շարունակենք, իսկ ինչը ոչ՝ թող մնա: Մնացածը միակողմանի զիջում է ու ոչ թե հեռանում, այլ մոտենում ենք պատերազմին»,-նկատեց Արա Պապյանը:
Անդրադառանալով ՀՕՊ համաձայնագրին՝ դիվանագետը նշեց, որ այն թուլացնում է հայկական դիրքերը.
«Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը չօգտագործեց օդանավեր ու ուղղաթիռներ, որովհետև մենք հակաօդային ուժեղ պաշտպանություն ունեինք: Իսկ հիմա Արցախն այլևս հակաօդային պաշտպանություն չունի և հաջորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից սպասեք մեր դեմ մեծաքանակ ավիացիայի օգտագործմանը, որի արդյունքում զոհերի թիվը շատ կլինի: Բանակում լինում է մեկ ղեկավարություն: Հետևաբար, եթե ռուսներին պետք է, դա կօգտագործեն, եթե ոչ, ուրեմն չեն օգտագործի: Շատ պարզ կասեն, որ ԼՂՀ-ն ՀՀ տարածք չի հանդիսանում»,-ընդգծեց Արա Պապյանը՝ հավելելով.
«Օրինակ Տավուշի մարզը ՀՀ տարածքն է ու մշտապես գնդակոծվում է, Ռուսաստանը մեզ պաշտպանո՞ւմ է, իհարկե՝ ոչ: Հիմա դուք ինչո՞ւ եք ենթադրում, որ Արցախի դեպքում կօգնի: Ո՞նց են կրծքին ադրբեջանական շքանշան ունեցող ռուս գեներալին պարտադրելու, որ մեզ օգնի: ՀՀԿ-ն հիմա մեկ խնդիր է լուծում.սեփական իշխանությունը պահել և դրա համար պատրաստ է ամեն ինչի՝ ներառյալ Արցախը զիջելուն: Հաջորդ պատերազմում ոչ թե 100, այլ 1000-ավոր զոհեր ենք ունենալու: Ավիացիան կգործի ու առաջ կգան, սրանք էլ 5 շրջան պահել չկարողանալու համար կարդարանան, թե պատերազմ էր, ի՞նչ էիք ուզում: Գայիք, պահեիք: Իբր թե դա մեր պարտականությունն է:
Ճիշտն ասած, ես զարմացած եմ նաև արցախցիների հանգստության վրա: Եթե մենք տալիս ենք 5 շրջանները, նշանակում է՝ տալիս ենք ամբողջ Արցախը, բայց ոչ միայն դա, այլև Սյունիքն ենք տալիս: Տեղի բնակիչներն ասում են, որ եթե ադրբեջանցիները վերադառնան, մենք այստեղ չենք մնա, որովհետև 2 տարի ապրել ենք ադրբեջանական գնդակոծության տակ: Այսօր վտանգի տակ է նաև Երևանի անվտանգությունը.Ադրբեջանը սպառնում է: Հասկանալի չէ՞,որ հաջորդ պատերազմի ժամանակ Երասխի ուղղությամբ քայլեր կձեռնարկեն: Հարցերը լուծելու փոխարեն նստել, հեքիաթներ են պատմում: Տարին լրացավ, 200 մլն դոլարի վարկը չտվեցին: Ոչ փողը կա, ոչ՝ զենքը: Հայաստանը Ռուսաստանի առջև պետք է խնդիր դնի որպես իր դաշնակցի և ասի, որ իր անվտանգությունը վտանգված է: 2 միլիարդ դոլար զենքի ցուցակ տա՝ պահանջելով, որ որպես դաշնակից անվճար տրամադրի, եթե չի տա՝ կգնա ուրիշ դաշնակից փնտրելու»:
Անի Կարապետյան