▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վովա Գասպարյանի պատգամավոր փեսայի առանձնատների գնման փաստաթղթերը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ԱՄՆ-ում երկու անշարժ գույք է ձեռք բերել։ Ընդ որում, կոնդոմինիումներից մեկը ձեռք է բերել այս տարվա փետրվարին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում 475 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որից 200 հազար դոլար կանխավճար է տրվել ֆինանսավորող բանկին։ Մեկ այլ առանձնատուն Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում ձեռք է բերել անցած տարի հոկտեմբեր ամսին՝ այս անգամ Գլենդելում, 520 հազար դոլար արժողությամբ՝ 200 հազար դոլար վճարելով ֆինանսավորող կազմակերպությանը։

ԱԺ հանրապետական պատգամավորը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել է մեր տեղեկությունը. «Մեծ հաճույքով կցանկանայի ունենալ մեկ, երկու, երեք առանձնատուն, սակայն սրանք անհեթեթ խոսակցություններ են։ Հատուկ խելացի լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ ցանկացած երկրում բանկային համակարգից օգտվելու համար պետք է ունենաս ինչ-որ կարգավիճակ՝ ապրելու իրավունք, քաղաքացիություն կամ Գրին քարտ։ Տուրիստը չի կարող օգտվել այդ երկրի բանկային համակարգից»,- ասել է Գեւորգյանը՝ հավելելով. «Իսկ եթե կան այնպիսիք, ովքեր համոզված են, որ կա այդ առանձնատունը, ապա նվիրում եմ նրանց»,- ասել է նա։

Մեր տրամադրության տակ է ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի առանձնատների գնման փաստաթղթերը, որոնցում հստակ նշված են գնորդի անունը, հասցեն, մակերեսը, առքուվաճառքի օրը, առանձնատան ընդհանուր արժեքը եւ այլն։

Հավելենք՝ այս հրապարակմամբ Արթուր Գեւորգյանի առանձնատները նվեր ստանալու որեւէ ցանկություն չունենք։ Թող պատկան մարմիններն ու մեր ժողովուրդը գնահատեն եւ արձագանքեն, չոր աշխատավարձով ապրող Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավորի ամերիկյան ունեցվածքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին