▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրահայ համայնքը նշեց Հայոց մեծ Եղեռնի 99-րդ տարելիցը

2014 թվականի ապրիլի 24-ին լրացավ Հայոց մեծ եղեռնի 99-րդ տարելիցը: Ողջ աշխարհի հայկական համայնքները, ինչպես նաև Վրաստանի հայությունը, հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Թբիլիսիում, Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, համայնքային կառույցների ղեկավարներ և հոծ բազմություն: Եկեղեցում Սրբազան Պատարագի ավարտումից հետո ժողովուրդը հավաքվեց Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ, որտեղ Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև ժողովուրդը բողոքի պաստառներով, ՀՀ և Վրաստանի պետական և համայնքային դրոշներով շարժվեց դեպի Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանություն, որտեղ կազմակերպվեց բողոքի խաղաղ ակցիա: Խաղաղ հանրահավաքին մասնակցեցին ինչպես Թբիլիսիի հայկական կազմակերպություններ, այնպես էլ Թբիլիսիի այլ համայնքների ներկայացուցիչներ: Բողոքի ակցիան դարձավ պահանջատիրոջ իրավունքով դատապարտման, ճանաչման և հատուցման ոգեկոչում:

Հավելենք, որ ապրիլի 21-ին, Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ապրիլի 22-ին՝ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում, ապրիլի 23-ին՝ Նինոծմինդայում տեղի ունեցան Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հիշատակի խաչքարերի բացում:

Լուսանկարները դիտեք  սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին