▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիլհելմ 2-րդ կայսեր ծոռնորդին ներում հայցեց հայ ժողովրդից

 

«Պապս՝ Վիլհելմ 2-րդ կայսրը, փաստորեն վեր է դասել քաղաքական ու տնտեսական շահերը քրիստոնյաների կողքին կանգնելուց ու նրանց պաշտպանելուց: Իմ նախապապը կարող էր իր ազդեցությամբ կանխել Հայոց ցեղասպանությունը, սակայն ոչինչ չձեռնարկեց: Նրա այդ կեցվածքն ինձ ամաչեցնում, ցավեցնում, մյուս կողմից` նաև բարկացնում է»,- հայտարարեց Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդի ժառանգ, արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին` Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցում օրերս կայացած միջեկեղեցական համաժողովի ժամանակ:

«Ինձ մի բան էր զարմացնում, որ նա իրեն նվիրված քրիստոնյա է համարել, եկեղեցիներ է կառուցել… Սակայն երբ հայերին՝ իր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին, կոտորում էին 1895-98թթ-ին, նա լռել է, երբ կոտորում էին 1915թ-ին, նա նույնպես լռել է: Այս ամենը պատառոտում է իմ սիրտը»,- նշեց արքայազն Ֆիլիպը, ով նաև Գերմանիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու հոգևորական է:

Գերմանական պատվիրակությունից ելույթ ունեցավ նաև «Մահվան դաշինք» գրքի հեղինակ Ռոզմարի Ստրասսեմանը, ով պատմական ակնարկ կատարեց 20-րդ դարասկզբի իրադարձությունների վերաբերյալ՝ ընդգծելով Գերմանիայի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության կատարման, ապա նաև՝ ժխտման գործում։ Պատմաբանը նկատեց, որ այժմ այդ «սառույցը հալվում» է, և Գերմանիան քայլեր է անում՝ ուղղված Հայոց ցեղասպանության պետականորեն ճանաչմանը:

 Այնուհետև Գերմանական խմբի բոլոր անդամները` արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացու գլխավորությամբ, ծնկաչոք իրենց սրտի ապաշխարանքը բարձրացրեցին առ Աստված ու թախանձագին ներողություն խնդրեցին հայ ժողովրդից` ասելով. «Սիրելի̒ քույրեր և եղբայրներ, աղաչում ենք, ներեք մեզ՝ Աստծո և մարդկության դեմ մեր նախնիների մասնակցությամբ գործված ահավոր ոճիրի համար»:

Նրանց խոսքերից հետո բեմ բարձրացան Հայաստանի Ավետարանական ընտանիքի եկեղեցիների ավագ հովիվներ Արթուր Սիմոնյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Լևոն Պարտագճյանը, Ռուբիկ Փահլևանյանը և ի նշան համաժողովի մասնակիցների կողմից ներման՝  ողջագուրվեցին նրանց հետ:

Ավագ հովիվները շնորհակալություն հայտնեցին գերմանական պատվիրակությանը և արքայազն Ֆիլիպին` իրենց համարձակ, անկեղծ և հոգևոր քայլի համար:

Նշենք, որ համաժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա 1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին Մեծ Եղեռնի մեկուկես միլիոն զոհերի հիշատակը:

Գերմանական պատվիրակությունն այցելեց նաև Ծիծեռնակաբերդ: Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, ծնկի իջան և աղոթեցին: Արքայազն Ֆիլիպը գլուխ խոնարհեց նաև հուշակոթողի մոտ հայ պատանիների կազմած պատվո պահակի  առջև, ապա ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում ասաց. «Այդ ահավոր եղեռնը հայ ազգի նկատմամբ ինձ` որպես գերմանացի, վերաբերում է այնքանով, որ ես մեղքի զգացում ունեմ: Ես եղածը չեմ կարող փոխել, բայց իմ պարտավորությունն է նվազագույնը ընդունել դա»:

 

 

Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական

եկեղեցու մամուլի քարտուղարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին