ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հուլիսի 2-ին մասնակցել է «Էներգետիկայի շաբաթ 2014» միջոցառման բացմանը: Նախարարը շրջել է միջոցառման շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել է էներգետիկ ոլորտի՝ մասնավորապես էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներկայացված հայաստանյան շուկայի առաջարկներին:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը միջոցառման բացմանը նշել է, որ «Էներգետիկայի շաբաթ 2014»– ի շրջանակներում նախատեսված միջոցառումներն ու քննարկումներն ուղղված են Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներին, ներառյալ՝ օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթներն ու ապագայի ծրագրերը:
Նրա խոսքով՝ «Էներգետիկայի շաբաթ 2014»-ի նպատակն է էապես բարելավել և զարգացնել էներգետիկ դաշտը Հայաստանում, քննարկել առկա ձեռքբերումները, ներդրումային հնարավորությունները, բացահայտել ոլորտի զարգացման խոչընդոտները և նախանշել դրանց հաղթահարման ուղիները:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ողջունել է «Էներգետիկայի շաբաթ 2014»-ի նախաձեռնողներին ու մասնակիցներին և նշել, որ նման միջոցառումները շատ կարևոր են ոլորտի զարգացման ու առաջընթացի համար:
-Վերականգնվող էներգետիկան եղել և մնում է առաջնային մեր էներգահամակարգի համար: Հետևաբար, մենք պետք է հասկանանք և նման հանդիպումների ու քննարկումների արդյունքում պարզենք, թե ինչն է խանգարում ոլորտի հետագա զարգացմանը,- ասել է Երվանդ Զախարյանը: