«ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հարազատ եղբայրը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, ով, իր խոսքերով, ՄԻՊ զեկույցը կարդալուց հետո որոշել է, որպես իրազեկ անձնավորություն, որոշ մանրամասներ հաղորդել Արման Մկրտումյանի նյութական առաջխաղացման վերաբերյալ, որոնք ապացուցում են, որ ՄԻ պաշտպանը չի սխալվում, և դատական համակարգն իրոք կոռումպացված է։ Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյանի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։ Կարող եմ ասել, որ մինչև 98 թվականը նա աշխատում էր Նազարյան Վոլոդյայի ՍՊԸ-ում։ Նրանք զբաղվում էին Քաղաքացիական օրենսգրքի մշակմամբ։ Պարզ է, որ դա ոչ բիզնես էր, ոչ էլ եկամտաբեր աշխատանք։ Նրա ստացած աշխատավարձը 1995, 96, 97 թվականներին հազիվ էր բավարարում նրա ընտանեկան առօրյա հոգսերին։ 98 թվականի աշնանը նա պալատի նախագահ դարձավ, այսինքն, դատարկ տեղից ստացավ պաշտոն դատական համակարգում, իսկ 99-ին Թումանյան փողոցում, որտեղ որ նա բնակվում էր, «Թումանյանի շաուրմայի» շենքում երկու սենյականոց բնակարան գնեց՝ կես տարվա մեջ։ Հերքելով ՄԻՊ ընդդիմախոսներին, ասեմ, որ նա ժառանգություն չի ստացել, որովհետև եթե ստանար, ես էլ կստանայի, ես էլ էի ժառանգ, հայրը թոշակառու, մայրը, զոքանչը՝ իրենց հետ ապրող՝ թոշակառուներ, բիզնես չուներ։ Բացառում եմ այլ հիմքեր, որոնք հնարավորություն կտային այդ բնակարանն առնել։ Մյուս տարի՝ 2000 թվականին, նա իր և այդ բնակարանները միացրեց իրար և այդ ամբողջ տարածքի վերևի հարկում կառուցեց նոր բնակարան։ Նաև Պուշկին Սարյան խաչմերուկում երկու հարկանի ահռելի տուն, Թումանյանի վրա գտնվող նախկին «1000 ու մի մանրուք» խանութի մոտ դստեր անունով ևս մեկ բնակարան, Ձորաղբյուրում ևս մեկ տուն ձեռք բերեց, նաև արտասահմանյան մակնիշների մեքենաներ, արտասահմանում որդուն ուսման տվեց։
Թե ինչի համար է մեր այցելուն որոշել պատժել իր հարազատ եղբորը, հրապարակելով այն, ինչ վճռաբեկի նախագահը չէր ցանկանա, որ իմացվեր, մեր այցելուն չասաց։ Ընդամենը հայտնեց, որ եղբայրը՝ Արման Մկրտումյանը, իրեն և իր ընտանիքին «հասցրել է անդունդի եզրին»։ Սա մեզ չզարմացրեց, քանի որ այս ընտանիքում իրար դեմ բողոքելը կարծես ժառանգական է։ Դեռևս 2010 թվականին նույնը արել էր Վճռաբեկ դատարանի նախագահի հայրը՝ Յուրի Մկրտումյանը»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: