▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարուժան Սուքիասյանի հարցազրույցը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին


ArmFootball.com-ը գրում է. Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանըհարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին, խոսել հայ ֆուտբոլիստների պոտենցիալի եւ 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հույսերի մասին:

- Դուք վերադարձել եք ֆուտբոլ երկար ընդմիջումից հետո ընթացիկ մրցաշրջանից առաջ, իսկ հիմա արդեն համատեղելու եք աշխատանքն «Արարատում» եւ Հայաստանի հավաքականում: Ինչպե՞ս ընդունեցիք ազգային ընտրանին գլխավորելու հրավերը:

- Անկեղծ ասած, շատ էի կարոտել մարզչական աշխատանքը: Ես միշտ ապրել եմ ֆուտբոլով, ներկա էի լինում տարբեր խաղերի, արդյունքում որոշեցի վերադառնալ գործին, որը շատ եմ սիրում: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա այն յուրաքանչյուր մարզչի համար գագաթնակետ է, ես էլ բացառություն չեմ: Ես հավաքականի հետ աշխատելու փորձ ունեմ, բայց 2001 թվականին իմ հեռանալուց հետո շատ բան է փոխվել: Ֆուտբոլն արագացել է, դարձել է ավելի դիտարժան, հիմա թիմը պետք է պատրաստել լրիվ այլ կերպ:  Հիմա թույլ մրցակիցներ չկան, ցանկացած խաղում պետք է ամբողջ ուժով խաղաս: Կրկնակի երջանիկ կլինեմ, եթե մեր թիմը սկսի ուրախացնել  հայ ազգին:

- Եվրո-2016-ի ընտրական փուլում հավաքական շատ քիչ թվով նորեկների տեսանք: Ձեր ժամանակ ընտրության ավելի մեծ հնարավորություննե՞ր կային:

- 2000-ականների սկզբին Հայաստանի հավաքականին իրոք հերիքում էր: Կային նաեւ արտասահմանյան ակումբների ներկայացուցիչներ եւ փորձառու խաղացողներ ներքին առաջնությունից: Հիմա թվում է՝ թեկնածուների թիվն այնքան էլ մեծ չէ, բայց ես պատրաստվում եմ բոլորին գործի մեջ տեսնել: Հավաքականի դռները բաց են բոլորի առջեւ, իսկ շեշտը դնելու եմ Հայաստանի առաջնությունում հանդես եկող խաղացողների վրա: Ինձ համար կարեւոր չէ, թե որտեղ է խաղում ֆուտբոլիստը:  Կարեւորն այն է, թե ինչ մարզավիճակում է նա մոտենում խաղերին: Խաղային պրակտիկան՝ հավաքականում տեղ ունենալու հիմնական պայմանն է: Այնպես, որ կարծում եմ՝ շուտով հավաքականում կլինեն նորեկներ երկրի առաջնությունից:

- Ինչի՞ հաշվին հավաքականը կարող է հաջողությունների հասնել:

- Հավաքականում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք գործի մեջ ապացուցել են իրենց կարգը: Կարծում եմ՝ փորձի եւ երիտասարդության կապն էլ մեզ կբերի ցանկալի արդյունքներ: Բացի այդ, եղել են հեռանկարային խաղացողներ, որոնք տարբեր պատճառներով չեն հրավիրվել: Հավաքականում պետք է խաղան լավագույնները: 

- Շատերն են ասում, որ հավաքականում պետք է խաղան իսկական հայրենասերները: Որքանով է այդ գործոնը ձեզ համար կարեւոր:

- Իհարկե, դա կարեւոր է: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է վարպետություն, փորձ, հաղթանակների ծարավ, հավատք սեփական ուժերի նկատմամբ: Ցանկացած մարզիչ ցանկանում է ստեղծել իդեալական թիմ, բայց ոչ բոլորին է հաջողվում դա անել: Ես վստահ եմ՝ մեզ կհաջողվի ստեղծել թիմի, որի հետ հաշվի կնստեն բոլոր մրցակիցները:

- Աշխարհի առաջնության ընտրական փուլում ձեր թիմի մրցակիցներն են՝ Ռումինիան, Լեհաստանը, Դանիան, Մոնտենեգրոն եւ Ղազախստանը: Ի՞նչ հույսեր ունի Հայաստանի հավաքականը նշված խմբում:

- Ինչպես արդեն ասել եմ, Եվրոպայում թույլ հավաքականներ գրեթե չկան: Առաջին հայացքից, մեր խմբում բացահայտ ֆավորիտ չկան, ինչպես ԵՎՐՈ-2016-ի  ժամանակ, որտեղ առաջատարը Պորտուգալիան էր: Իմ կարծիքով, այս խումբն ավելի ուժեղ, որտեղ բոլոր թիմերն էլ պայքարելու են ուղեգրերի համար: Խումբը չի կարող համարվել թույլ, որտեղ խաղում են հավաքականները, որոնք Եվրոպայի առաջնության ուղեգրեր են նվաճել՝ Ռումինիան եւ Լեհաստանը: Մյուսները նույնպես խնդիրներ են դնում իրենց առջեւ: Այնպես որ, հեշտ չի լինելու ոչ մի թիմի համար: Պետք է պարզապես աշխատել եւ մեր խաղացողների մեջ սերմանել հաղթողի հոգեբանությունը եւ հասնել արդյունքի: Բայց դա արդեն մենք պետք է ապացուցենք մեր խաղով:

- Հայաստանի հավաքականի առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է: Խաղը նրա շուրջ եք կառուցելու, թե այլ կերպ եք մոտենալու հարցին:

- Համաձայն եմ, Հենրիխը մեր առաջատարն է: Վստահ եմ՝ իմ թիմում նա ոչ միայն կլինի առաջատարը, այլ նաեւ թիմի ոգին: Բայց նույնիսկ Մխիթարյանը միայնակ ոչինչ չի կարող անել: Կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք պետք է նրա հետ միասին արդյունքի հասնեն՝ Արաս Օզբիլիզը, Մարկոս Պիզելին եւ այլն: Ես վստահ եմ՝ մենք կկարողանանք ստեղծել լավ թիմ ոչ միայն 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի, այլ նաեւ ապագայի համար: 

- Չեք կարծու՞մ, որ Հայաստանի հավաքականում պետք է փոխել մթնոլորտը: Տպավորություն է, որ  թիմի հոգեբանական վիճակն այնքան էլ լավ չէր:

- Դա առաջին հերթին: Մենք ժամանակ ունենք մինչեւ 2016 թվականի սեպտեմբեր ամիսը: Դրա համար պետք է հնարավորինս լավ օգտագործենք ժամանակը ընկերական խաղերում: Դա կօգնի կողմնորոշվել կազմի ընտրության հարցում, ինչպես նաեւ թիմը կկարողանա վստահություն ձեռք բերել եւ բարձրացնել խաղակցվածության մակարդակը:

- Հավաքականի մարզչի գլխավոր խնդիրը թիմ պատրաստելն է, որը նրա տրամադրության տակ է գտնվում ընդամենը 4-5 օր:

- Իսկապես, նշված ժամանակահատվածում դժվար է  թիմ պատրաստել: Բայց խոսքը հավաքականի մասին է, որտեղ խաղում են լավագույնները: Մենք անուններին չենք նայելու, միայն` պատրաստվածությանը: Խաղային ձեռագրի հարցը կլուծենք ընկերական խաղերում: Հայաստանում կան մեծ ներուժով ֆուտբոլիստներ: Մյուս կողմից չպետք է մոռանանք, որ ներկայացնում ենք մեր ֆուտբոլն ու ազգը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին