Հարգելի Բարեկամներ`
Երեկ ընթերցեցի պարոն Օսկանյանի` կառավարության ծրագրի մասին գրառումն իր ֆեյսբուքի էջում: Պետք է ասեմ, որ պարոն Օսկանյանին անձամբ ճանաչելով շատ հարգանքով եմ միշտ վերաբերվել և վերաբերվում, սակայն չեմ հասկանում թե ինչու է նա`արտաքին քաղաքականության մեջ արհեստավարժ մարդ, բարդ տնտեսագիտական բանավեճերի մեջ մտնում:
Այսպես օրինակ իր գրառման մեջ ներկայացված <Խնայողություն թե աճ> բանավեճը խորը տնտեսագիտական հիմքեր ունի ակադեմիական աշխարհում: Դա առաջացել է հիմնականում պարտքային խնդիրներ ունեցող երկրների փորձից, երբ վերջիններս պարտքը կայունացնելու համար իրականացրել են պետական բյուջեի պակասուրդի կտրուկ նվազեցման քաղաքականություն՝ կամ որ նույն է ինչ զսպողական հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ մյուս կողմից օբյեկտիվ պատճառներով դրամավարկային քաղաքականություններն ի զորու չեն եղել փոխհատուցել հարկաբյուջետային զսպող քաղաքականությունների ազդեցությունը տնտեսական աճի վրա, քանի որ տոկոսադրույքներն արդեն իսկ գտնվել են շատ ցածր մակադրակի վրա (իրական տոկոսներն էլ բացասական են): Այստեղից և ծագել է այդ բանավեճը, այսինքն ինչպես անել որ հարկաբյուջետային քաղաքականության կրճատողական բնույթը, որի նպատակն էր պարտքի կայունացումը իրականում հանգեցնի պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարելավման, քանի որ հայտարարի կրճատումը նորից տանում էր նրան, որ պարտք/ՀՆԱ ցուցանիշը չէր բարելավվում: Ընդ որում պետք է փաստել, որ սա բացարձակ ճշմարտություն չէր բոլոր երկրների համար, քանի որ Իռլանդիան ի հակառակը մնացած երկրների հարկաբյուջետային կրճատողական քաղաքականությամբ ունեցավ պարտք /ՀՆԱ ցուցանիշի բարելավում, առանց խաթարելու նաև տնտեսական ակտիվությունը: Ես չեմ ուզում խոսել այս հարցի շուրջ թե ինչ տեսակետներ ունեն միջազգային ակադեմիկան աշխարհի և պրակտիկ քաղաքականթյուն մշակող շատ հայտնի տնտեսագետներ (Նուրիել Ռուբինի, Ռոբերտո Պերրոտի, Մարտին Ուլֆ, Մերվին Քինգ, Մայք Ուդֆորդ և այլն….) ուղղակի ասեմ, որ նույնիսկ այս բանավեճի մեջ երբեմն հանդիպում ես տրիվյալ տեսակետների:
Հիմա երբ այս հարցը բարձրացնում է պարոն Օսկանյանը Հայաստանի համար ուշադրություն պետք է դարձնի, թե ինչպիսին է եղել և պետք է լինի հարկաբյուջետային քաղաքականությունը ոչ թե առանձնացված, այլ դիտելով այն նաև դրամավարկային քաղաքականության հետ կոորդինացման դաշտում: Ուրեմն մինչ այժմ կառավարությունը և ԿԲ-ն վարել են լավ կոորդինացված քաղաքականություն, միտված տնտեսական ակտիվության վերականգնմանը, ինչը հանգեցրել է տնտեսական աճի տեմպերի արագացման: Ինչպես? Հարկաբյուջետային քաղաքականությունը 2009թ-ի տնտեսությանը խիստ ընդլայնողական ազդակ տալուց հետո միանշանակ պետք է երկարաժամկետում կայունացներ պարտքը և դա հնարավոր էր պակասուրդի կրճատման միջոցով, հակառակ դեպքում կունենայինք անկայուն պարտքի մակարդակ, ինչն էլ իր հերթին հակառակ ազդեցություն կունենար տնտեսական աճի վրա (եթե անվերջ պակասուրդը պահեինք բարձր մակարդակի վրա), փոխարենը դրամավարկային քաղաքականությունը հնարավորություն է տվել տնտեսությանը սնվել ֆինանսական միջոցներից և գրանցել աճ. Վարկարվորման տեմպերն աճել են միջինում 25 տոկոսից ավել, իսկ վարկավորում/ՀՆԱ-ն 2008թ-ի համեմատած կրկրնապատկվել է: Այլ կերպ ասած տնտեսական քաղաքականությունների մասին խոսելիս պետք է դրանք դիտարկել համակարգի և կոորդինացվածության մեջ, այլ ոչ թե անջատ-անջատ: Այսպիսին է եղել հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները, այսպիսին և ծրագրված է ապագայի համար…այն է հարկաբյուջետային քաղաքականությունում անհրաժեշտ է կարգապահություն պարտքի գերաճ թույլ չտալու համար, իսկ դրամավարակային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է իրականացվեն կոորդինացված և դա է շարունակական տնտեսական աճ ապահովելու համար մակրոքաղաքականությունների ճիշտ բանաձևը:
Ինչ վերբերում է կառավարության ծրագրի վերաբերյալ պարոն Օսկանյանի այն որակմանը, որ կառավարության ծրագիրը միանշանակ խնայողական է, պետք է հիասթափեցնեմ պարոն Օսկանյանին քանի որ «խնայողական» լինելու համար պետական պակասուրդը առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է անվերջ նվազող լինի, այն դեպքում երբ մեր ծրագրում այն կայունանում է 2 տոկոսի շրջանակներում։ Հիմա 2 տոկոսանոց պակասուրդը շատ է թե քիչ Հայաստանի համար պետք է նաել պարտքի կառավարելիության և տնտեսության ցիկլի տեսանկյունից (աճի թե նվազման ցիկլում է տնտեսությունը): Մենք, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներն ասում ենք, որ այդ մակարդակը տնտեսական աճը չվտանգող մակարդակն է Հայաստանի համար և դա հիմնված է տնտեսագիտական վերլուծությունների արդյուքների վրա:
Միևնույն ժամանակ երբ պարոն Օսկանյանն ասում է որ կառավարությունն իր գործունեության գլխավոր թիրախ է վերցրել ֆիսկալ և ֆինանսական կայունությունը, ապա ցույց տվեք աշխարհում մի երկիր որն ունեցել է ֆիսկալ և ֆինանսական անկայունություն ու ապահովել է տնտեսական կայուն աճ: ԱՅՈ կառավարության համար կարևոր է որ լինի ֆիսկալ և ֆինանսական կայունություն, քանի որ անհնար է առանց դրա ունենալ տնտեսական աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, սոցիալական ցուցանիշների բարելավում և դա տնտեսագիտական պարզագույն ակսիոմա է։ Պարզ ասելու համար պատկերացրեք, որ դեպքում է հեշտ նավարկել և երկար ճանապարհ անցնել փոթորքոտ թե խաղաղ ծովում։
Երկու խոսք ուզում եմ նշել նաև պարոն Օսկանյանի որոշ դիտարկումների մասին: Ճիշտն ասած ինձ համար անհասկանալի է ինչ ի նկատի ունի պարոն Օսկանյանը երբ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 0.4 տոկոսային կետով բարելավումը դիտում է որպես վկայում տնտեսական աճի ակնկալիքի բացակայության մասին։ Եթե դա դիտում է պահանջարկի կրճատման տեսանկյունից, որ պետությունը շատ ավելի շատ փող է դուրս քաշելու տնտեսությունից հարկերի միջոցով, ապա դա այդպես չէ, քանի որ վերն արդեն նշեցի, պահանջարկի տեսանկյունից բյուջեն շատ ավելի շատ փող ներարկելու է տնտեսություն քան քաշելու է և դա արտահայտված է պակասուրդի ցուցանիշում (ավելի շատ ծախս ենք անում քան տնտեսությունից եկամուտ հավաքում)։ Իսկ այն նկատառումը որ <հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվում է 0.4 տկոսային կետով և դա վկայում է հարկային ոլորտում փոփոխություններ անելու ցանկության բացակայության մասին>, հարց է առաջանում. ցույց տվեք աշխարհում մի զարգացող երկիր որ շարունակական ապահովում է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առանց հարկային դաշտում փոփոխությունների՝ այդ թվում վարչարարության բարելավման։ Հենց այդ ցուցանիշն է քանակապես գնահատական տալիս հարկային վարչարարության բարելավման մասին, որն առանց փոփոխությունների հնարավոր չէ հասնել։
Բյուջեի մասով, ես չեմ հասկանում ինչու է պարոն Օսկանյանը վերցնում 45 հազար նվազագույն աշխատավարձի բարձրացումն ընդամենը մեկ տարվա համար և դա տարածում կառավարության հինգ տարվա գործունեության վրա, չէ որ Ծրագրում հստակ նշված է որ նվազագույն աշխատավարձը հինգ տրիների ընթացքում բարձրացվելու է այնքան որ ապահովի նվազագույն աշխատավարձ/աղքատության գիծ ցուցանիշի առնվազն 140տոկոս մակարդակ, այսօր այն 90.2 տոկոս է, դեռ ավելին ուշադրություն չի դարձվում թոշակների բարձրացման ծրագրային ցուցանիշներին։
Հարկաբյուջետային քաղաքականության մասով առաջարկի վերաբերյալ ընդհանուր հաշվով թեև համաձյան եմ, որ անհրաժեշտ է մեծացնել ծախսերը նշած ուղղություններով, ինչը և անում է և ծարգրում է ապագայում անել կառավարությունը, բայց նորից տնտեսագիտական տրամաբանական հարց է առաջանում, պարոն Օսկանյան որքան բարձրացնի ծախսերը կառավարությունը, մեկ անգամ չէ որ խոսել ենք չափի մասին, քանի որ այն կարևոր է տնտեսությունում անկայունություն չմցնելու տեսանկյունից: Ընդ որում եթե դա ասում եք ապա անհրաժեշտ է նշել նաև աղբյուրները. եթե ճիշտ եմ հասկանում, Ձեր մատնանշած ծախսերը մտադիր եք առաջարկել պակասուրդի մեծացման ճանապարհով կատարել, իսկ դա նշանակում է պարտքի գերաճ և մեր կարողություններից առավել պարտքի ծանրաբեռնում, որի գինը վճարելու է հասարակությունը։
Դրամավարկային քաղաքականության մասով պարոն Օսկանյանի առաջարկի վերաբերյալ նորից հարց է առաջանում. - պարոն Օսկանյան ուշադրություն դարձրել եք հետճգնաժամային տարիներին փողի ագրեգատների և վարկավորման աճի ցուցանիշների վարքագծին, որքան են ավելացել մինչ ճգնժամային ցուցանիշների համեմատ փողի և վարկավորման ծավալները տնտեսության մեջ? դրանք կրկնապատկվել են։ Իսկ դրանց պերմանենտ բարձր տեմպերով աճը (ի դեպ տնտեսագիտության մեջ դրա համար կա տերմին- excessive monetary expansion) ապագա տարիներին հղի է բարձր գնաճի, վարկերի որակի, ֆինանսական անկայունության ռիսկերով, ի վերջո դա անրադառնալու է հենց ժողովրդի վրա։ Այսինք պարոն Օսկանյանի նշած փողի ծավալների աճը տեղի ունեցել է նախորդ տարիներին և ապագա տարիներին ևս տեղի ունենալու է բայց ավելի համեստ տեմպերով:
Վերջում պետք է խոստովանեմ, որ կիսում եմ պարոն Օսկանյանի այն կարծիքը, որ առանց խորքային կառուցվացքային բարեփոխումների հնարավոր չէ ապահովել կայուն տնտեսկան աճ, բայց խիստ ավելցուկային պահանջարկի ընդլայնողական քաղաքականությունները չեն, որ ծնում են կառուցվածքային բարեփոխումներ, այլ ճիշտ բանաձևն է, որ պահանջարկի կարգավորման տնտեսական գործիքներրը լինեն խելամիտ, հակացիկլիկ և միջնաժամկետում դրանք զուգորդվեն կառուցվածքային բարեփոխումներով։ Դա էլ դրված է կառավարության ծրագրի հիմքում:
Վարդանը` Վարդանին. Ինչու° եք բարդ տնտեսագիտական բանավեճերի մեջ մտնում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet