«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Վարդան Այվազյանը նախորդ տարի 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է գնել:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նոր հայտարարագրում նշել է նաեւ, որ նախորդ տարի հետ է վերադարձվել իր 250 հազար դոլար արժողությամբ փոխառությունը:
Փոխառությունը սովորաբար լինում է կամ ավանդի, կամ տոկոսով տրամադրած գումարի ձեւով, սակայն վերջին դեպքում դրա տոկոսները չեն կարող այնքան շատ լինել, քանի որ կհամարվի վաշխառություն:
2016 թվականի սկզբին Վարդան Այվազյանի դրամական միջոցները հետեւյալ տեսքն են ունեցել՝ 12 միլիոն 900 հազար դրամ, 72 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում նույնությամբ պահպանվել են:
Ազգային ժողովի պատգամավորի եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի, եղել է աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը, որը կազմել է 8 միլիոն 260 հազար դրամ: Վարդան Այվազյանն ունի հողին ամրակայված 3 անշարժ գույք, Range Rover եւ Bentley ավտոմեքենաներ, երկու ընկերությունում էլ բաժնեմաս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում