Տիբեթյան բարձրաստիճան վանական-լամա Յեշե Նյիմայի՝ Հայաստան չգալու և երկրում արձանագրված ուժեղ ցրտահարության միջև կապ կա. կարծում է «Նոր Հայաստան» ՀԿ-ի և «Տիբեթ» մտավոր, հոգևոր և հոգեբանական զարգացման կենտրոնի ղեկավար Էլեոնորա Մանանդյանը. «Եթե ինքը գար, այդքան ցրտահարություն չէր լինի»։
a1plus-ը տեղեկացնում է, որ այցի կազմակերպիչ «Նոր Հայաստան» ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ Տիբեթում ամեն գարնան սկզբում վանականներն աղոթում են, որ կարկուտ չլինի։ Էլեոնորա Մանանդյանը Տիբեթից բերել է ամենաբարձր կարգի 3 լամայի կողմից առանձին-առանձին օրհնված 20 հատ թերթ։ Թերթերի վրա տիբեթերենով գրված է աղոթք, որը խնդրում է պաշտպանել տվյալ երկիրը կարկուտից։
Հիշեցնենք, որ Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում Էլեոնորա Մանանդյանը նշել էր, որ Լամա Յեշե Նյիման Հայաստանում պետք է լիներ մարտի 19-31-ը՝ տիբեթյան լամաների լույսն ու էներգետիկ ուժը փոխանցելու մեր երկրին։ Սակայն վերջին պահին Չինաստանում ՀՀ դեսպանատունը հրաժարվել էր մուտքի արտոնագիր տրամադրել իրեն, իսկ արտգործնախարարությունից որևէ պատասխան այդպես էլ չէր տրվել: