Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն անդրադառնալով իր ղեկավարած քաղաքում ընտրությունների ժամանակ գրանցված արդյունքին (իշխանության պարտությանը), որպես պատճառ նշել է «ժողովրդի անգիտակից» լինելը՝ ընդգծելով, որ «ժողովուրդը չի հասկանում՝ ինչ է անում»: Ցանկացած դեպքում պետական չինովնիկը իրավունք չունի վիրավորել քաղաքացիներին, եթե նույնիսկ իր ասածի մեջ որոշակի ճշմարտություն կա: Նկատենք, որ նույն ընտրողները Սամվել Դարբինյանին 4-5 անգամ անընդմեջ քաղաքապետ են ընտրել:
Այս ընտրությունների ցուցանիշները ցույց տվեցին, որ այնտեղ, որտեղ հասարակությունը դժգոհություն ունի իշխանություններից, դա իր արտացոլումն է ստանում ընտրությունների արդյունքների վրա, սակայն տարօրինակ է, որ մինչ այժմ նույն հասարակությունը Սամվել Դարբինյանին չի ցույց տվել «իր իրական տեղը»: Չմոռանանք, որ խորհրդարանական ընտրություններին էլ հասարակությունն իր խոսքն ասեց և արդյունքում` Վանաձորում (30 ընտրատարածք) իշխանությունը պարտվեց անկուսակցական իրավապաշտպանին:
Իսկ ի՞նչն էր խանգարում նույն ընտրողներին այս տարիների ընթացքում նույն կերպ պայքարելու Դարբինյանի վերընտրման դեմ: Համենայնդեպս, այս և մի շարք հարցեր դեռ մնում են «օդում կախված»:
Ինչևէ, Վանաձորի քաղաքապետը պարտավոր է ներողություն խնդրել իր համաքաղաքացիներից, քանի որ ո՛չ բարոյական և ո՛չ էլ իրավական տեսանկյունից նրա հայտարարություններն անընդունելի են: Ավելի լավ կլինի, որ նա նման հայտարարություններ հնչեցնելիս առաջ հետ նայի ու տեսնի, թե ի՞նչ է արել նա իր քաղաքի համար և արդյո՞ք նա համապատասխան հիմքեր էր ստեղծել Վանաձորում ՀՀԿ-ի հաղթանակը ապահովելու համար:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք