Գյումրիի «Շիրակն» իր պաշտոնական կայքում պարզաբանում է ներկայացրել՝ կապված Վահան Բիչախչյանի նկատմամբ թուրքական «Գալաթասարայի» ունեցած հետաքրքրվածությունից:
«Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով։ Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,-ասվում է «Շիրակի» հաղորդագրության մեջ:
Նշենք, որ թուրքական մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե «Գալաթասարայի» սկաուտները նկատել են պատանի ֆուտբոլիստին Մ19 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ժամանակ ու հետաքրքրված են նրան ձեռք բերելու հնարավորությամբ: Թուրքական կայքերից մեկը Վահան Բիչախչյանին համեմատել էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ: