Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանից լիովին առանձին պետություն է, Արցախի որոշ գործիչների համար արդեն ավանդույթ է դարձել անընդհատ խառնվել Հայաստանի ներքին քաղաքական գործերին: Այդպիսի գործելաոճը ոչ միայն անհասկանալի է, այլև որևէ տրամաբանությունից զուրկ, քանի որ դրանով նաև արժեզրկվում է Արցախի անկախ լինելու հանգամանքը:
Հայաստանի ներքին գործերի մեջ իր քիթը խոթող անձանցից մեկն էլ ԼՂՀ ԱԺ նախկին պատգավոր Վահան Բադասյանն է, ով ոչ միայն մեկընդմեջ հանդես է գալիս գնահատականներով, այլև նույնիսկ մասնակցություն է ունենում հայաստանյան որոշակի քաղաքական ակցիաների: Խոսքը, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց «Ի պաշտպանություն ՀԽ-ի ձերբակալված պատգամավորների» իրականացված բողոքի ցույցի մասին է:
Բադասյանի այս գործելակերպը ցույց է տալիս, որ նա ուղղակի հակապետական գործելակերպ է որդեգրել, և նրա երկդիմի քաղաքական ներգրավվածությունը կարող է հանգեցնել այն բանին, որ Բադասյանն ընդհանրապես հեղինակազրկվի, քանի որ անհնար է նման ներգրավվածությամբ ռեալ քաղաքական կուրս առաջ տանել:
Բադասյանը ևս հանդես է գալիս ոչ ադեկվատ հայտարարություններով: Մասնավորապես` նա ասել է, թե պահանջում է, որ Ժիրայր Սեֆիլյանը պետք է ազատ արձակվի` հավելելով, որ Արմեն Ռուստամյանը անում է խայտառակ հայտարարություն և դրանով քվոտա է տվել, որ դրանով ձերբակալեն Ժիրայր Սեֆիլյանին:
Սակայն պարզ երևում է, որ իրականությունն այլ է. Արմեն Ռուստամյանը ԱԺ բրիֆինգների ժամանակ շատ պարզ հայտարարել էր, որ ինքը միայն զգուշացրել է Ժիրայր Սեֆիլյանին, սակայն ոչ միայն իրեն չեն լսել, այլև իր ասածները փորձում են նենգափոխել:
Այսպիսով, Վահան Բադասյանի հայտարարությունը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև պոպուլիստական տարր է պարունակում: Իսկ թե Բադասյանը ուր կարող է հասնել նման գործելակերպով, կարելի է ուղղակի կանխագուշակել: