Այսօր կայացավ ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանի «Ռեֆորմիստների» կուսակցության հիմնադիր համագումարը: Բաբայանի խոսքով՝ իրենք պատրաստվելու են աջակցել հանրապետության նախագահի եւ կառավարության իրականացրած բարեփոխումներին:
«Մեր նորաստեղծ կուսակցությունը լինելու է պետականամետ. չի լինելու ընդդիմադիր կուսակցություն: Մենք ռեալ պատրաստվելու ենք աջակցել հանրապետության նախագահի և կառավարության իրականացրած բարեփոխումներին: Ինքներս փորձելու ենք 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել մեր բարեփոխումների ծրագրով եւ փորձել մասնակիցը դառնալ այն բարեփոխումներին, որոնք այսօր սկսված են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պրն. Բաբայանը:
Բաբայանի պնդմամբ՝ կուսակցությունն առաջնահերթ աշխատելու է երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ. «Մեր գլխավոր խնդիրն է` բարելավել երկրի քաղաքացիների կյանքը, որպեսզի ապագան քաղաքացիները տեսնեն ավելի վստահ»:
Հավելենք, որ Վահան Բաբայանի կարգախոսն է՝ «Քեզ համար, Հայաստա´ն», որը Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսն է եղել: