▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդու համար շատ զոհաբերություններ անելով՝ դառնում ես նրան անհետաքրքիր. Արփի Գաբրիելյան

Orer.amգրում է. Հեռուստադիտողը երբեմն նույնացնում է կերպարներին ու դերասաններին, սակայն մեծ մասամբ, նրանք տարբեր են լինում: Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող Ֆուլ Հաուս սիթքոմից իր համարձակությամբ ու ինքնավստահությամբ փայլող Լիկան իրականում տարբերվում է դերասանուհուց:Այդ մասին պատմեց անձամբ դերասանուհի-հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը:

-Արփի, մինչև Ֆուլ Հաուսում Ձեր հայտնվելը, հեռուստադիտողը Ձեզ` որպես դերասանուհի, այնքան էլ ծանոթ չէր: Ինչո՞ւ:

-Ավարտել եմ թատերական ինստիտուտը, 4 տարի աշխատել եմ ATV հեռուստաընկերությունում: Նկարահանվել եմ չորս գեղարվեստական ֆիլմում: Ինքս հատուկ ոչինչ չեմ արել, որ ավելի մեծ ճանաչման արժանանամ:

-Հեռուստատեսություն՝ որպես հաղորդավարուհի, Ձեր մուտքն ինչպե՞ս եղավ:

-Դեռ ուսանողական տարիներին առաջարկ ստացա հեռուստատեսությունից: Ճիշտ է, ինձ համար անակնկալ էր, բայց հավատում եմ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Առաջարկը եղավ Հրաչ Քեշիշյանից և Վարդան Զադոյանից: Սկզբում շատ բարդ էր աշխատել տեսախցիկի առջև, լինել ուղիղ եթերում, բայց շատ արագ կարողացա ինձ գտնել այդ դաշտում:

 

-Հեշտությա՞մբ հրաժարվեցիք հաղորդավարուհու աշխատանքից:

-Այնպես չէ, որ ամբողջովին հրաժարվել եմ: Պարզապես, երբ Ֆուլ Հաուսում նկարահանվելու առաջարկ ստացա և վերջնական որոշում կայացրեցի, հասկացա, որ նոր հաղորդում անել չեմ կարողանա: Իսկ հաղորդավարական դաշտում իմ նոր քայլը պետք է ավելի հետաքրքիր մի բան լինի, նոր նախագիծ՝ մեկ քայլ բարձր սանդղակով: Չեմ սիրում կյանքում կրկնվել, մի բան անել ուղղակի անելու համար: Քանի որ հետաքրքիր, բովանդակալից հաղորդում պատրաստելու համար ժամանակ է պետք, իսկ ես հիմա այդ ժամանակը չունեմ, սիթքոմից բացի համերգային գործունեություն եմ ծավալում, որոշեցի որոշակի դադար տալ: Կիսատ-պռատ բաներ անել չեմ սիրում: Հենց լավ առաջարկ ունենամ կամ ինձ մոտ լավ միտք ծագի, անշուշտ կհամաձայնեմ:

-Համերգային ի՞նչ գործունեության մասին է խոսքը:

-Արդեն երկու տարուց ավել է, որ աշխատում եմ ԱՄՆ-ում գտնվող «Global arts» կազմակերպության հետ, որն այնտեղ զբաղվում է հայ աստղերի համերգների կազմակերպմամբ, շրջագայություններով: Պարբերաբար մեկնում եմ Միացյալ Նահանգներ՝ համերգային ծրագրեր վարելու: Նաև այդ կազմակերպության կողմից` որպես դերասանուհի հանդես գալու հրավեր ստացա «Սկոչ և Վիսկի» ներկայացման մեջ:

 

-Արփի, ինձ թվում է, որ Դուք՝ որպես հաղորդավար այնքան էլ շուտ չեք վերադառնա եթեր, քանի որ հեռուստադիտողը Ձեզ դերասանուհու կարգավիճակում առավել սիրեց:

-Շնորհակալ եմ… Չգիտեմ, թե ինչպես կլինի, իմ կյանքում ոչինչ պլանավորած չի ընթանում: Թեև, կարծեք թե ի վերուստ է նախանշվում ճանապարհս: Ինչ լինելու է` ժամանակին կլինի, ես դրա համար հատուկ ջանքեր չեմ գործադրում: Հավատում եմ ներքին ձայնիս և ընտություն կատարելիս միշտ դրանով եմ առաջնորդվում: Կարողանում եմ ճիշտ կողմնորոշվել:

-Ֆուլ Հաուսում նկարահանվելու առաջարկը հեշտությա՞մբ ընդունեցիք:

-Որքան էլ, որ տարօրինակ է՝ այո: Արդեն երկար տարիներ է, տարբեր սերիալներից առաջարկներ եմ ստանում, բայց տեսնելով սերիալների անորակությունը, լավ դերասանների կողքին խաղացող պատահական մարդկանց՝ վախ ունեի սերիալներում երևալուց: Վստահ էի, որ չեմ ցանկանա որևէ սերիալում երևալ: Երբ այս առաջարկը ստացա, նկարահանվում էի երկու ֆիլմում՝ «Սուպեր մամա» և Արշալույս Հարությունյանի «Սկոչ և վիսկի» ֆիլմում: Քանի որ սա երիտասարդական, կատակերգական սիթքոմ էր՝ շաբաթը երկու անգամ պարբերականությամբ, ինձ հետաքրքրեց: Երբ Արմեն Պետրոսյանը փակագծերը բացեց, ցանկացա ծանոթանալ սցենարին և հասկանալ, թե կերպարը որքանո՞վ է ինձ մոտ: Կարդալուց հետո էլ չտատանվեցի, անմիջապես համաձայնեցի:

 

-Սիթքոմում Ձեր կողքին խաղում են մարդիկ, ովքեր դերասանական կրթություն չունեն: Դժվար չէ՞:

-Բացարձակ դժվար չէ այն մարդկանց հետ, ովքեր կարիերայի սկզբից ևեթ աշխատել ու աշխատում են իրենց վրա, ունեն դերասանին բնորոշ շնորհ, կատարելագործվելու ունակություն: Այդպիսի մարդիկ կարող են աշխատասիրության, պրոֆեսիոնալներին լսելու կարողության շնորհիվ մեծ հաջողությունների հասնել: Ես ապշած եմ իմ խաղընկերների խաղով:

 

-Որպես դերասանուհի՝ Ձեր վարձատրությունից գո՞հ եք:

-Եթե համեմատենք դրսի շուկայի հետ, այստեղ ծիծաղելի գումարներ են շրջանառվում: Բայց իմ տեսակով այնպիսին եմ, որ եթե աշխատանքս ինձ դուր է գալիս, մեծ սիրով եմ կատարում ու բավարարվում այնքանով, որքանով վարձատրվում եմ: Կարևորում եմ ոչ այնքան նյութական, որքան հոգևոր բավարարվածությունս: Եթե մտածեմ դերասանի աշխատավարձի մասին, ապա հաստատ մասնագիտությունս կփոխեմ:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին