«Որպես արցախյան պատերազմի սերնդի ներկայացուցիչ միշտ այն կարծիքն եմ ունեցել, որ հաջորդող սերունդը մեզ կգերազանցի և այդպես էլ եղավ: Երիտասարդներն ապացուցեցին դա: Կատարվածն, իրոք, մեծ հերոսություն էր: Փամփուշտները վերջացել են, իսկ նրանք դիրքերը չեն լքել: Խոնարհվում ենք մեր նահատակների, կենդանի հերոսների առջև: Իսկ նրանց զոհողությունը պետք է իմաստավորվի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:
Նրա խոսքով՝ թշնամին ամիս առ ամիս ուժգնացնում է ճնշումը և սա շարունակական է լինելու.
«Հասել ենք այն մակարդակի, որ հակառակորդն ինչ զենք ունի՝ կիրառում է: Թշնամին ցանկանում է հյուծել մեզ: Նրանք գիտեն, որ մեր ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի լայնածավալ պատերազմ չլինի, ուստի լիարժեք օգտագործում են այս փաստը: Ահավասիկ՝ վերջին հարվածը: Եվ, եթե մեր բանակի մարտունակությունը, սպաների, զինվորների նվիրվածությունը չլինեին, հյուսիսային հատվածում նույնպես կորուստներ կունենայինք: Խոսքը Թալիշի ու Մատաղիսի մասին է:
Մենք պետք է հետ վերադարձնենք կորցրած դիրքերը, հակառակորդը պետք է ծնկի գա, եթե ոչ՝ նա կշարունակի հարվածել: Ուրախալի է, որ այս կարծիքին են անգամ հայ մայրերը: Ժամանակն է՝ լուծել այս խնդիրը: Հաջորդ ամիս կամ հաջորդ տարի ավելի դժվար է լինելու: Մինչև ե՞րբ պետք է 18 տարեկան երեխաներ զոհվեն: Թշնամին Շահումյանի տարածքով է մտել Թալիշ ու կարծես մեզ հուշում է, որ ժամանակն է ազատագրել այն: Մեր դիմաց կանգնած է հակառակորդ, ով ունի լավ սպառազինություն, մասնագետներ, բայց չունի լավ բանակ, իսկ մեր բանակն այսօր համապատասխան հրաման չստանալու պատճառով չի կարողանում լիարժեք իր գործառույթն իրականացնել։ Կոչ եմ անում բանակին՝ չենթարկվել պարտվողական հրամաններին.պահը եկել է»,-նշեց Ժիրայր Սէֆիլյանը:
Անի Կարապետյան