Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները խոսել են երկրի ռազմավարության և ղեկավարման իրենց ծրագրերի մասին: Ֆորումի ընթացքում հնչել են ափսոսանքի, մեղադրական, քննադատական և մի շարք սուր արտահայտություններ:
ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները չորեքշաբթի օրը «NBC»-ի ֆորումի շրջանակներում առաջին անգամ միևնույն բեմ են բարձրացել, թեև՝ ոչ միաժամանակ:
Թրամփն, ինչպես միշտ, սկսել է ներկայիս կառավարությանն ուղղված քննադատություններով, այդ թվում՝ անդրադառնալով իրեն՝ որպես նախագահի թեկնածու տրված որոշակի գաղտնի տեղեկության: Նա ասել է,- «Մի բան ինձ ապշեցրեց: Ես տեղեկացա, որ որոշումներ կայացնելիս, Բարաք Օբաման չի հետևել մեր փորձագետների և հետախույզների խորհուրդներին»:
Ֆորումի ժամանակ Քլինթոնը խոստում է տվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գործողությունների մասին: Նա ասել է, «Մենք այլևս ցամաքային զորքեր չենք ուղարկի Իրաք և Սիրիա: Մենք «Դաեշ»-ին կհաղթենք առանց ամերիկյան ցամաքային զորքերի ներգրավման»:
Թրամփը, սակայն, չի բացահայտել իր ծրագրերը այս հարցի շուրջ: «Եթե ես հաղթեմ ընտրություններում, չեմ ուզում թշնամուն հայտնել ծրագրերիս մասին:
Քլինթոնը ափսոսանք է հայտնել Իրաքի պատերազմի մասին իր որոշման համար, նաև անդրադարձել է Թրամփի կարծիքին: «Իմ հակառակորդը Իրաքի պատերազմի կողմնակից էր: Նա ասում է, թե դա այդպես չէ, սակայն դուք կարող եք ստուգել դա»:
Թրամփն ասել է,- «Ես Իրաքի պատերազմին դեմ էի, քանի որ ասում էի, որ այն լիովին անկայունացնելու էր Մերձավոր Արևելքում իրադրությունը»:
Սակայն 2002 թվականին հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե արդյո՞ք նա կողմ էր ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելուն, պատասխանն այլ է եղել:
Թրամփն ասել է,- «Կարծում եմ այո: Կցանկանայի, որ առաջին անգամ դա ճիշտ արված լիներ»:
Քլինթոնը զղջացել է նաև էլեկտրոնային նամակների մահար: Նա ասել է,- «Անձնական հաշվեհամար ունանալը սխալ էր: Ես դա միանշանակ այլևս չէի անի»:
Ֆորումից հետո, առավոտյան նախագահ Օբաման նույնպես ասելիք է ունեցել: Օբաման ասել է,- «Չեմ կարծում Թրամփը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, և ամեն անգամ երբ նա խոսում է, այդ կարծիքն ավելի է հաստատվում»:
Դատելով նախագահի թեկնածուների արտահայտություններից՝ սեպտեմբերի 26-ին կայանալիք բանավեճը խոստանում է հիշարժան լինել: