▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը վարկային մեծ պարտավորություններ ունի

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը ընդգրկում է տարբեր հասցեներում գտնվող շենքեր, գոլֆի համար նախատեսված համալիրներ, երկնաքերեր: Դրանցից շատերը գնված են հիփոթեքային վարկերով, որոնցից երեքը մտահոգության տեղիք են տալիս փորձագետների շրջանակում՝ կապված այն բանկի հետ, որը տնօրինում է վարկերը: Դա գերմանական Deutsche Bank-ն է:

«Իմ մտահոգությունն այն է, որ երկրի նախագահն ունի վարկային պարտավորություններ օտարերկրյա բանկին»,- ասում է Սպիտակ տան էթիկայի գծով նախկին պաշտոնյա, հանրապետական Ռիչարդ Փեյնթերը:

2014 թվականի վարկային պայմանագրերից մեկը ներառում է 69 միլիոնանոց հիփոթեքային վարկ Deutsche Bank-իհետ Չիկագոյի Trump Tower-ի համար: Բացի այդ հայտնի են Թրամփի Մայամիի գոլֆային համալիրների համար 125 միլիոն դոլարի երկու վարկային պարտավորությունների մասին պայմանագրերը նույն բանկի հետ, ինչպես նաև 170 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը՝ Վաշինգտոնում Թրամփ հյուրանոցի համար, որը գտնվում է Սպիտակ տան մոտակայքում:

«Խնդիրը նրանում է, որ նախագահը մի կողմից վարկային պարտավորություններ ունի խոշոր բանկերին, մյուս կողմից պետք է վերահսկի այդ բանկերի գործունեությունը կանոնակարգելու համար աշխատանքը, ներառյալ Deutsche Bank-իդեմ ընթացող գործը»,- ասում է Փեյնթերը:

Հայտնի է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հետաքննությունը, կապված մինչև 2008 թվականի ճգնաժամը Deutsche Bank-ի կողմից հիփոթեքային կասկածելի վարկերի տրամադրման հետ, դեռևս ընթացքի մեջ է: Արդարադատության նախարարությունն առաջարկում է բանկին վճարել 14 միլիարդ դոլարի տուգանք՝ խնդիրը լուծելու համար: Փեյնթերի կարծիքով չափազանց տարօրինակ կլինի, եթե խնդիրը չլուծվի մինչև Թրամփի պաշտոնի ստանձնումը, քանի որ դրանից հետո այն կառաջացնի շահերի բախում:

Սակայն էթիկայի գծով փաստաբան Յան Բարանը հակառակ կարծիքի է:

«Արդարադատության նախարարությունում խնդիրը համակարգում են արհեստավարժ փաստաբաններ և դատախազներ, որոնք աշխատում են նախարարությունում անկախ նրանից, թե ով է երկրի նախագահը, և որևէ կարիք չկա, որպեսզի նախագահը ներգրավված լինի այս հարցում»:

Բրիտանական և գերմանական իրավական մարմինները ևս Deutsche Bank-ի հետ կապված հետաքննություններ են իրականացնում: Հետաքննության առարկա է դարձել բանկի հաճախորդների բազմամիլիարդ կասկածելի փոխանցումները Ռուսաստանից Մեծ Բրիտանիա: Deutsche Bank-ն ու արդարադատության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություններից, սակայն անգլիական անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ հետաքննությունն ընթացքի մեջ է:

Դոնալդ Թրամփը դեռևս չի հայտարարել, թե ինչպես է պատրաստվում խուսափել շահերի բախումից՝ կապված իր գործարար լինելու ու նախագահի պաշտոնը ստանձնելու հետ: Նա տեղեկացրել էր, որ պատրաստվում է փոխանցել բիզնեսների կառավարումն իր որդիներին՝ Դոնալդին ու Էրիկին: Նա նաև ասել է, որ իր նախագահության ընթացքում որևէ նոր գործարք չի կնքվելու:

Սակայն ֆինանսական փորձագետների կարծիքով ակտիվների ամբողջական վաճառքը հնարավոր չէ: Պարզ չէ նաև, թե ինչպես է Թրամփը պատրաստվում խուսափել շահերի բախումից։Թրամփի անցումային թիմը հրաժարվել է մեկնաբանություններից սույն առիթով:

Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին