168.am-ը գրել է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Նիստին ներկայացել են Ֆրանսիայից ներկայացած երկու փաստաբաններ՝ Ժերար Չոլաքյանը և Մարի Օսեն: Վարդան Պետրոսյանը դատարանում հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի նրանք Նիկոլայ Բաղդասարյանի հետ իրականացնեն իր պաշտպանությունը:
Դիմելով ավտովթարի արդյունքում մահացած երկու երիտասարդների մայրերին՝ Վարդան Պետրոսյանն ասել է. «Սիրելի´ մայրեր, անտակ է ձեր վիշտը, ձեր ողբերգությունը: Մի մտածեք, որ սրանք հենց այնպես խոսքեր են»:
Վարդան Պետրոսյանի այս արտահայտությանն արձագանքել է ավտովթարի արդյունքում մահացած Էդգար Հակոբյանի մայրը՝ Աննա Կարապետյանը՝ նշելով. «Կուզեի իմ որդին էլ կալանավորված լիներ»:
«Միգուցե լավ կլիներ: Լավ կլիներ՝ ես մեռած լինեի, ես այդ մասին ինքս եմ ասել, լավ կլիներ՝ ես մեռած լինեի և երկու տղաները ողջ լինեին»,-պատասխանել է Վարդան Պետրոսյանը:
Անդրադառնալով տուժող կողմի այն հայարարությանը, որ ուզում են, որ ինքը հրապրակավ ներողություն խնդրի, Վարդան Պետրոսյանն ասել է. «Սիրելի´ մայրեր, ոչ թե հեռուստատեսությամբ, այստեղ տասը հեռուսատատեսություն կա, սաղ աշխարհը նկարում է, բոլոր մամլո ծառայությունները այստեղ են: Դուք կարծում եք՝ ես պիտի ամաչե՞մ, ես պիտի վախենա՞մ: Հենց հիմա այսքան մարդկանց առաջ դուք կարծում եք ես պիտի վախենամ կամ ամաչեմ՝ գամ ձեզնից ներում հայցեմ: Ես ամբողջ կյանքս ձեզնից ներում եմ հայցելու, ես հայր եմ, գիտեմ՝ ի՞նչ է կորուստը, բայց սա դատարան է: Իմ կեցվածքը դատարանի առջև ուրիշ է և ձեր առջև ուրիշ է: Թույլ տվեք հենց հիմա առանց ամաչելու ես գամ, ձեր առջև ծնկի գամ, ներում խնդրեմ, մայրեր»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Ավելացնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կշարունակվի կիրառվել կալանքը: