▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ չեն տա իշխանությանը Գյումրիում քաղաքապետ նշանակել

ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն եւ ՀՎԿ-ն միասին կպայքարեն.հրապարակվել է համատեղ հայտարարություն

asparez.am-ը գրում է. Վերլուծելով Գյումրու ավագանու 2016թ. հոկտեմբերի 2-ի ընտրությունների ընթացքը եւ հետընտրական զարգացումները`  «Բարգավաճ Հայաստան»,  «Հայկական վերածնունդ» եւ ԳԱԼԱ կուսակցությունների ներկայացուցիչները  երեկ հայտարարեցին, որ երեք քաղաքական ուժերով պայքարելու են միմյանց մանդատների համար: Երեք կուսակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն ստորագրեցին:

-Մենք այս պահին մեր ուժերը ուղղում ենք միայն քաղաքացու քվեն պահելուն: Թույլ չենք տալու, որ կենտրոնական իշխանությունը քաղաքային իշխանությունը եւս մեկ անգամ իր ձեռքը վերցնի: Քաղաքացու քվեն իրավունք չունեն վերցնել ուրիշ կուսակցությունից եւ տալ իրենց «դաբրոն» ստացած «Բալասանյան» դաշինքին: Մենք ասում ենք, որ թույլ չենք տա տեղի ունենա ապօրինություն կամ քաղաքացու քվեի գողություն,- ասաց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինա Մկրտչյանը:


Համատեղ ստորագրված հուշագրում ասվում է, որ ընտրություններն անցել են բազմաթիվ եւ տարաբնույթ ընտրախախտումներով, մասնավորաբար, վարչական ռեսուրս է օգտագործվել հօգուտ գործող քաղաքապետի եւ «Բալասանյան» դաշինքի, բազմաթիվ տեղամասերի հարակից տարածքներում կիրառվել է ընտրակաշառքը, եղել են ընտրողների փոխադրումներ ընտրատեղամասեր, քողարկված ճնշումներ ընտրողների վրա, շուրջ 10.000 քաղաքացու առանց հասցեների ID քարտերով քվեարկություն, քվեարկած քվեաթերթիկների նկարահանում, տեղամասերում դիտորդների եւ վստահված անձանց նկատմամբ կիրառվել են տարաբնույթ ճնշումներ եւ իրավունքների սահմանափակումներ: Դիտորդական կազմակերպությունների հայտարարություններում եւ ԶԼՄ հաղորդագրություններում բազմաթիվ վկայություններ կան այս մասին:

Կուսակցությունների ներկայացուցիչները  հայտարարում են, որ եթե իրենց մանդատներից որեւէ մեկը տրվի «Բալասանյան» դաշինքին, ապա իրենք կհրաժարվեն մյուսներից` բարդացնելով քաղաքապետի աշխատանքը:

-Ամենամեծ բարդությունը կլինի, եթե մենք չվերցնենք մեր մանդատները եւ «Բալասանյան» դաշինքը մնա իր 17 մանդատով: Սա նշանակում է, որ ՀՀԿ ներկայացուցիչ Բալասանյանը պետք է ամեն գնով փայի, փայփայի, պահպանի այդ 17 հոգուն, որ նրանք ներկա գտնվեն ավագանու նիստին: Պետք է կերակրի, որ գան եւ կողմ քվեարկեն,-ասաց ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչ Արմենուհի Վարդանյանը:

Կուսակցությունների հայտարարությունում ասվում է նաեւ, որ «Ոչ Մուկուչյանը, եւ ոչ այլ մեկը իշխանական կուսակցությունից չի կարողանում հոդաբաշխ կերպով բացատրել, թե որ կուսակցություններից են վերցվելու առնվազն 2 մանդատ՝ «Բալասանյան» դաշինքին հատկացնելու համար: Չեն կարողանում բացատրել նաեւ, թե ինչու պիտի 141 հոդվածի 4-րդ մասը ստորադասվի 5-րդ մասին: Ավելին, «Բալասանյան» դաշինքն օրենքի անկատարության եւ կամայական մեկնաբանության արդյունքում «օդից» ստանում է 2 մանդատ, իսկ ԳԱԼԱ-ն, ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն կորցնելու են ժողովրդի իրական քվեներով ստացած մանդատները: Աբսուրդ է, երբ մեկ քաղաքական ուժը վաստակում է ժողովրդի վստահության քվեն, մյուսը՝ ստանում «օդից»: Ակնհայտ է, որ կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրությունը՝ մասնավորապես Սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը. այսինքն, ժողովուրդը զրկվում է իր տված վստահության քվեով իշխանություն ձեւավորելու իրավունքից: Գյումրեցիների 2/3-րդի հակառակ դիրքորոշման  պայմաններում, իշխանությունները փորձում են 1/3-րդի ձայների հիման վրա՝ այն էլ կեղծված ընտրությունների արդյունքում, նշանակել Գյումրու քաղաքապետ»:

-Մենք, այսպիսով, իշխանություններին զգոնության կոչ ենք անում, որ ձայներ չգողանան: Նրանք համաձակություն չունեն արդյունքները հայտարարելու: Ընտրություններից անցել է հինգ օր, վերահաշվարկ չկա, բայց նրանք չեն հայտարարում արդյունքները: ԿԸՀ նախագահին ուղիղ հարց տրվեց, թե` Գյումրիում ով է հաղթել, բայց նա չպատասխանեց: Նա չունի պատասխանը,-ասաց է Քրիստինա Մկրտչյանը:

Չի բացառվում, որ մանդատների բաշխման հարցը այս կուսակցությունները վիճարկեն դատական ատյաններում:


Համատեղ հայտարարությունն ընթերցելուց եւ ստորագրելուց հետո կուսակցության ներկայացուցիչները իրազեկման քայլերթ կազմակերպեցին դեպի թատերական հրապարակ` բնակչությանը տեղեկացնելով իրենց որոշամ մասին: Քայլերթը ուղեկցվեց` «Գյումրին քաղաքապետ չի ընտրել», «Թույլ չենք տա իշխանությանը Գյումրիում քաղաքապետ նշանակել» վանկարկումներով:

Աղբյուրը՝ asparez.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին