▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիային խանգարում է իր «փոքր եղբայրը», իր պատմության մութ էջերին առերեսվելու ֆոբիան ու Էրդողանի տեսակը. Սուրեն Սարգսյան

tert.am-ը գրում է. Հայ-թուրքական հարաբերությունների, այդ հարաբերությունների հնարավոր փոփոխությունների, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլյան պատերազմի ազդեցության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց  ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի միջազգային իրավունքի մագիստրոս, նույն համալսարանի գիտաշխատող Սուրեն Սարգսյանի հետ:

 

-Պարո՛ն Սարգսյան, եթե քաղաքական գնահատական տրվի, ապա ինչպիսի՞ն են հայ-թուրքական հարաբերությունները, և եթե 1993-ից Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը, ի՞նչ է փոխվել 23 տարի անց երկու երկրների հարաբերություններում, եթե սահմանը պաշտոնապես դեռ փակ է:

-Հայ-թուրքական հարաբերությունները գտնվում են տոտալ սառեցված իրավիճակում: Այսօր այնպիսի մի իրականություն է, երբ պաշտոնական երկխոսությունը բացակայում է, ոչ պաշտոնական՝ զուգահեռ հարթակի դիվանագիտություն (Track 2 diplomacy) չի տարվում, հասարակական կամ հանրային երկխոսությունը դադարեցված  է, որևէ երրորդ երկրի կողմից հարաբերությունների կարգավորմանը նպաստող միջնորդություն չկա: Եթե հաշվի առնենք, որ վերջին 25 տարիների ընթացքում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվել են, ասենք՝ եղել են հայ-թուրքական արձանագրություններ, նախագահների փոխայցելություններ, հասարակական կազմակերպությունների կամ առանձին անհատների կողմից ստեղծված ինչ-ինչ հաշտեցման կամ մերձեցման հանձնաժողովներ են գործել, ապա այսօր ոչ պաշտոնական, ոչ կիսապաշտոնական և ոչ էլ հանրային գործընթաց չկա: Ելնելով այս իրողությունից, կարող ենք փաստել, որ հայ-թուրքական, առանց այդ էլ չեղած հարաբերությունները, երբեք այսքան սառը չեն եղել:

-Ապրիլյան պատերազմն ի՞նչ ազդեցություն կթողնի հայ-թուրքական հարաբերությունների վրա, և որքանո՞վ են դրանք առանձին գործոններ:

-Իհարկե, քառօրյա ակտիվ պատերազմական գործողություններն իրենց ազդեցությունը թողնելու են ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա: Այս առումով մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ հայ-թուրքական հարաբերությունները որևէ այլ խնդրի հետ չփոխկապակցվեն: Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապել ԼՂ խնդրի, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և այլ հարցերի հետ: Սա առանձին խնդիր է, որը պետք է կարգավորվի, առանց նախապայմանների, առանց երրորդ երկրների շահերը հաշվի առնելու՝ բացառապես երկու հարևանների միջև:

-Ի՞նչն է խանգարում Թուրքիային Հայաստանի հետ առանց նախապայմանների բանակցային սեղանի շուրջ նստելու համար, և արդյո՞ք դա հնարավոր է տեսանելի ապագայում:

-Թուրքիային խանգարում է իր «փոքր եղբայր» Ադրբեջանի գործոնը, սեփական պատմության մութ էջերին առերեսվելու ֆոբիան և Էրդողանի պես մտածող գործիչների տեսակը: Երբ Թուրքիան կարողանա հաղթահարել այս բարդույթները կամ գոնե կարողանա խնդիրները մեկը մյուսից առանձնացնել, այդ ժամանակ հնարավոր է գործընթացը նոր կյանք կստանա: 

-Այսօր տեղի ունեցող քաղաքական իրադարձություններում` թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային, կա՞ հիմք, որի վրա հենվելով երկու երկրները կկարողանան ինչ-որ բան փոխել իրենց հարաբերություններում:

-Կա միջազգային լավագույն փորձ, ինչպես նաև տարբեր այլընտրանքային ճանապարհներ՝ հարաբերություններին որոշակի բովանդակություն փոխանցելու համար, նույնիսկ փակ սահմանների պարագայում: Ասենք՝ հայ-թուրքական փակ սահմանը կարելի է բացել երրորդ երկրների քաղաքացիների կամ ապրանքների համար: Ենթադրենք ամերիկացի տուրիստը կարող է գալ Կարսից դեպի Գյումրի՝ միանգամից հատելով սահմանը: Կարող է նաև սահմանը բացվել, ասենք՝ իրանական ապրանքների համար, որոնք անարգել Հայաստանից կարող են մտնել Թուրքիա: Կա նաև Իսրայել-Հորդանան և Իսրայել-Եգիպտոս ինդուստրիալ հատուկ տարածքների օրինակը, որոնցում արտադրված ապրանքները առանց հարկերի մուտք են գործում ԱՄՆ շուկա, համապատասխան եռակողմ պայմանագրերի հիման վրա: Այսինքն՝ եթե քաղաքական կամք լինի հայ-թուրքական հարաբերություններին որոշակի ակտիվություն փոխանցելու համար, ապա դրա համար սահմանի փակ կամ բաց լինելը, դիվանագիտական հարաբերություններ ունենալ-չունենալը առաջնային խնդիր չի լինի:

-Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումն արդյոք իր բացասական ազդեցությունը չի՞ թողնի հայ-թուրքական հարաբերությունների վրա, և արդյո՞ք այդ օրինակը կլինի վարակիչ եվրոպական այլ երկրների համար:

-Ինչպես արդեն նշեցի, հայ-թուրքական հարաբերությունները չպետք է որևէ կերպով կապել Ցեղասպանության միջազգային ճանաչման և երրորդ երկրների շահերի հետ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին, ապա կարծում եմ, ԵՄ քաղաքական և տնտեսական լոկոմոտիվ Գերմանիայի օրինակը արդեն իսկ վարակիչ է եղել Չեխիայի համար, և այս գործընթացը շարունակական է լինելու:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին