▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայից,Ադրբեջանից, Պակիստանից ՀՀ ներկրվող մթերքը կարող է լուրջ վտանգ պարունակել բնակչության համար

Մի քանի ամիս առաջ մենք անդրադարձել էինք ՀՀ ներկրվող ապրանքների անվտանգությանը և դրա հետ կապված մի շարք խնդիրներին: Խոսքը մասնավորապես գնում էր Թուրքիայից, Ադրբեջանից և մեր երկրի հանդեպ մեղմ ասած ոչ դրացիակամ կեցվածք դրսևվորող Պակիստանից ներկրվող գյուղատնտեսական հումքի և մթերքի սանիտարական և բուսասանիտարական անվտանգության, դրա հետ կապված ռիսկերի և դրանց հնարավոր հետևանքների մասին: Պարզվեց, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս ներմուծել գյուղատնտեսական հումք եւ մթերք նույնիսկ այն երկրներից, որոնք չեն թաքցնում իրենց թշնամական տրամադրվածությունը ՀՀ նկատմամբ: Նման մոտեցման և դրա պատճառները պարզելու նպատակով, 2015 թվականի հունիս ամսին մենք դիմեցինք ոլորտի պատասխանատուներին: Վերջիններս մեզ տեղեկացրին, որ այդ խնդիրը ուսումնասիրման փուլում է և որ դրա լուծումը, ինչպես նաև մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանը  կտրվի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո: Ցավոք, մեզ հետաքրքրող հարցերը առ այսօր մնում են անպատսխան, իսկ ոլորտի պատասխանատուների մոտեցումը Թուրքիայից, Ադրբեջանից և Պակիստանից գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ներկրմանը ՀՀ մնում է անփոփոխ: Հետամուտ լինելով այս խնդրի լուծմանը, մենք զրուցեցինք Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպության անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ, ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի մասնագետ, ՀՀ Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության նախկին պետ` Գրիգոր Գրիգորյանի հետ:

-Պրն. Գրիգորյան մեր վերջին զրույցի ժամանակ դուք նշեցիք, որ Թուրքիայից, Ադրբեջանից և Պակիստանից ՀՀ ներկրվող գյուղատնտեսական հումքը եւ մթերքը կարող է լուրջ վտանգներ պարունակել բնակչության առողջության և  գյուղատնտեսության զարգացման համար և ընդգծեցիք նման վտանգները կանխարգելող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Մեր ունեցած տեղեկատվությունը վկայում է նրա մասին, որ առ այսօր նման օրենսդրական փոփոխություններ չեն նախաձեռնվել ոչ ՀՀ հասարակության ոչ էլ ոլորտի պատասխանատուների կողմից: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը որ նման կարևորություն ունեցող խնդրի լուծումը ձգձգվում է:

- Իմ կարծիքով այս խնդրի լուծման ձգձգումը մեծապես պայմանավորված է տնսեսական և քաղաքական մի շարք պատճառներով, որոնք մեր երկրում հաճախ գերադասվում են մասնագիտական եզրակացությունից ոլորտի պատասխանատուների կողմից այս կամ այն մասնագիտական խնդիրը լուծելիս: Ինչ վերաբերում է բուն պատճառներին, դրանց մեկնաբանությունը ես թողնում եմ մեր հասարակությանը, տնտեսագետներին և քաղաքագետներին, սակայն պետք է ասեմ որ ձգձգումը արդեն իսկ ունի իր բացասական հետևանքները մեր երկրի համար: Հաշվի առնելով վերջին աշխարհաքաղաքական զարգացումները և դրանցում մեր երկրի և դրա դաշնակիցների և հարևանների դերը, մենք պետք է հատուկ ուշադրությամբ և ծայրահեղ զգուշությամբ վերաբերվենք նման խնդիրներին, և առաջին հերթին, հաշվի առնենք նման գործելաոճի հնարավոր ռիսկերը մեր երկրում բուսասանիտարական և սանիտարական անվտանգության ապահովման անվտանգության համար: Թուրքիայից, Ադրբեջանից և Պակիստանից ներկրվող գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ՀՀ ներկրելու պարագայում հիմնական խնդիրները կապված են դրանց բուսասանիտարական և սանիտարական անվտանգության հետ: Ես մի անգամ արդեն նշել եմ, որ եթե ազգը չկարողանան  զենքով կործանել, ապա սննդամթերքի միջոցով հաստաս կարող են անել: Պատմության մեջ կան բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական ճանապարհով հախթանակի հասնելու հնարավորության բացակայության պայմաններում, երկրները իրենց հակարակորդի հանդեպ կիրառել է կենսաբանական կամ քիմիական զենք և հարձակումը իրականացրել են սննդամթերքի, կերի և ջրի միջոցով: Ներկայումս ՀՀ գտնվում է ենթացող պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, քողարկված պատերազմի մեջ Թուրքիայի հետ և չհայտարարված պատերազմի մեջ Պակիստանի հետ, որը Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը սատարող հիմնական երկրներից մեկն է: Հաշվի առնելով դա ես կարծքւմ եմ, որ գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ներկրումը ՀՀ այդ երեք երկրներից չի բխում մեր երկրի ռազմավարական անվտանգության ապահովման պահանջներից:

- Իսկ եթե տեսականորեն բացառենք կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառումը, կա արդյո՞ք այլ վտանգներ կապված Թուրքիայից, Ադրբեջանից և Պակիստանից ՀՀ գյուղատնտեսական հումքի եւ մթերքի ներկրման հետ:

- Իհարկե կան: Այդ վտանգները նոր չեն և շատ լավ հայտնի են ինչպես ոլորտի մասնագետներին, այդպես էլ դրա պատասխանատուներին: Այդ տեսակետից առավել մեծ վտանգ է ներկայացնում Պակիստանը, որտեղ տարածված են մի շարք էկզոտիկ վնասատուներ և վարակիչ հիվանդություններ: Բուսասանիտարական և սանիտարական ծառայությունների կարողությունները այդ երկրում շատ սուղ են և այդ իսկ պատճառով արտահանվող բեռների բուսասանիտարական և սանիտարական վերահսկողությունը մեծապես կրում է ֆորմալ բնույթ: Այս պարագայում չի բացառվում արտահանվող բեռների միջոցով էկզոտիկ վնասատուների և վարակիչ հիվանդությունների տարածումը Պակիստանից այլ երկրներ այդ թվում նաև ՀՀ: Պետք է նաև նշեմ, որ Պակիստանում տարածված որոշ վնասատուներ և հիվանդություններ ներմուծման դեպքում կարող են մեծ վնաս պատճառել ոչ միայն մեր երկրի գյուղատնտեսությանը և կենսաբազմազանությանը, այլ նաև բնակչության առողջությանը: Այս տեսակետից առավել մեծ վտանգ են ներկայացնում Պակիստանում տարածված բույսերի կարանտինային վնասատուները, կենդանիների տարանցիկ հիվանդությունները և կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունները: Այդ իսկ պատճառով ես գտնում եմ որ այդ երկրից գյուղատնտեսական հումքի և մթերքի ներմուծման կասեցումը ունի կանխարգելիչ նշանակություն և կարևոր է մեր երկրի բուսասանիտարական և սանիտարական անվտանգության ապահովման համար:

- Ինչպես ես հասկացա, Թուրքիայից և Ադրբեջանից ներկրված գյուղատնտեսական հումքից և մթերքից վտանգն ավելի քի՞չ է:

- Քանի որ, ՀՀ, Թուրքիյան և Ադրբեջանը գտնվում են նույն տարածաշրջանում, ապա շատ դեպքերում նրանք կիսում են նւոյն բուսասանիտարական և սանիտարական ռիսկերը: Այդ իս պատճառով էկզոտիկ վնասատուների և վարակիչ հիվանդությունների ներթափանցման վտանգը Թուրքիյայից և Ադրբեջանից ավելի քիչ է քան Պակիստանից, սակաին այդ երկրներից սպառնող վտանգների կանխարգելումը ավելի բարդ է: Եթե Պակիստանից գյուղատնտեսական հումքի և մթերքի ներմուծման կասեցումը գրեթե բացառում է այդ երկրից վնասատուների և հիվանդությունների ուղղակի ներթափանցումը մեր երկրի տարածք, ապա Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում նման ներթափանցումը չի բացառվում նույնիսկ ներկրման արգելքի դեպքում:

- Պրն. Գրիգորյան, բայց չէ որ մեր երկիր ներմուծվող գյուղատնտեսական հումքի և մթերքը վերահսկվում է և սահմանը հատելուց առաջ ենթարկվում է համապատասխան զննության Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության կողմից: Այդ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր վնասատուների և հիվանդությունների ներթափանցումը

- Այո, դուք ճիշտ եք: Մեր երկրի օրենսդրությունը պահանջում է որ ներկրվող գյուղատնտեսական հումքը, մթերքը և սննդամթերքը ենթարկվեն բուսասանիտարական և սանիտարական զննման և սերտիֆիկացման, սակայն միշտ չէ որ համապատսխան ծառայություններին հաջողվում է կանխել վնասատուների և հիվանդությունների ներթափանցումը: Նման օրինակներից մեկն է կարտոֆիլի ցեցի և լոլիկի ցեցի ներթափանցումը Թուրքիայից: Այդ երկու վնասատուները մեր երկիր ներթափանցեցին 2011 թվականի վերջերին Թուրքիայից վնասված բանջաարեղենի ներկրման հետևանքով և 2011-2012 թվականներին լուրջ վնաս պատճառեցին Արարատյան դաշտավայրի ֆերմերային տնստսություններին: Բուսասանիտարական ոլորտի պատասխանատուները չկարողացան կանխել այդ վնասատեւների տարածումը ՀՀ-ում և դրանք առ այսօր շարունակում են վնաս պատճառել ֆերմերներին տարբեր մարզերում: Լուրջ թերացում եմ համարում նաև բուսական ծագման հումքի և մթերքի ապօրինի ներկրման դեպքերը: Ինձ թվում էր որ մեր երկրի հանրախանութներում ադրբեջանական սխտորի հայտվելուց հետո բուսասանիտարական հսկողությունը սահմանի վրա ուժեղացվել է, սակայն մի քանի օր առաջ մամուլում հայտնված տեղեկատվությունը Թուրքիայից ՀՀ տարածք ապօրինի ներկրված լոլիկի մասին հիմք է տալիս ենթադրել, որ ՀՀ ներկրվող բուսական ծագման հումքի և մթերքի վերաբերյալ պատշաճ վերահսկողություն դեռ չի իրականացվում: Ես կցանկանաի, որ այդ տեղեկատվությունը ժխտվեր, որովհետև եթե այն հաստատվի, դա կնշանակի որ բուսասանիտարիայի ոլորտի պատասխանատուները կամ չեն տիրապետում այդ ոլորտին, կամ էլ չեն կարողանում վերահսկել իրավիճակը: Դա լավագույն դեպքում:

- Իսկ կա՞ն արդյոք նման թերացումներ սանիտարական վերահսկողության ոլորտում:

- Եթե դուք նկատի ունեք անասնաբուժա-սանիտարական վերահսկողությունը, ապա պետք է նշեմ որ, ցավոք այս ոլորտում մենք նույնպես ունենք թերացումներ և ձախողումներ: Ես կանդրադառնամ դրանցից ընդհամենը երկուսին, որոնք ուղղակի կապված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Վերջին երկու տարիների ընթացքում այդ երկրներից մեր հանրապետության տարածք ներթափանցեց երկու վարակիչ կենդանիների հիվանդություն - նոդուլյար մաշկաբորբը Ադրբեջանից 2014 թվականի վերջին և  նոր շճատեսակի դաբաղ Թուրքիայից 2015 թվականի վերջին: Այս հիվանդությունների նախնական ախտորոշման հաստատումը տեղի է ունեցել 2016 թվականի հունվար ամսի առաջին կեսին իսկ հունվարի 15–ին ՀՀ Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության Անասնաբուժական Տեսչությունը պաշտոնապես տեղեկացրեց Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությանը այդ հիվանդությունների դեպքերի մասին :

- Իսկ ինչո՞ւմ են արտահայտվում անասնաբուժա-սանիտարական վերահսկողություն ձախողումները կամ թերացւմները ձեր նշված դեպքերում:

- Տեսեք, իմ ունեցած տեղեկության համաձայն, նոդուլյար մաշկաբորբը տարածվել էր Թուրքիայում դեռևս 2013 թվականին, ինչի մասին Թուրքիայի անասնաբուժական ծառայությունը 2013 թվականի սեպտեմբերին տեղեկացրեց Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությանը: 2013 թվականի վերջում այդ հիվանդությունը գրանցվեց Ադրբեջանում: Ադրբեջանի անասնաբուժական ծառայությունը նոդուլյար մաշկաբորբի մասին տեղեկացրեց Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությանը միայն 2014 թվականի հուլիսին, երբ այդ հիվանդությունը արդեն տարածվել էր Արցախին սահմանակից շրջաններում: 2015 թվականի սկզբին այդ նոդուլյար մաշկաբորբը Ադրբեջանից ներթափանցեց Արցախ, իսկ այնտեղից տարածվեց ՀՀ: Մեր երկրի անասնաբուժական ծառայությունները բավարար ժամանակ ունեյին այդ հիվանդության պատվաստանյութ գնելու և դրա ներթափանցման կանխարգելումը պատշաճ ձևով կազմակերպելու համար: Սակայն համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ չիրականացվեցին և այդ թերացման արդյունքում մեր երկրում գրանցվող կենդանիների տարանցիկ հիվանդությունների ցանկը «հարստացավ» ևս մեկ միավորով: Ես սա համարում եմ ձախողում մասնագիտական լուրջ թերացման հետևանքով:

Ինչ վերաբերում է Ա տիպի նոր շճատեսակի դաբաղի ներթափանցմանը Թուրքիայից, ապա իմ ունեցած տեղեկության համաձայն, այդ շճատեսակի դաբաղը բռնկվել էր 2015 թվականին Սաուդյան Արաբիայում, որտեղից այն ներթափանցել էր Թուրքիյա և Պարսկաստան: Սաուդյան Արաբիան անասնաբուժական ծառայությունը նոր շճատեսակի դաբաղի բռնկման մասին տեղեկացրել էր Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությանը 2015 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին, Թուրքիյա անասնաբուժական ծառայությունը տեղեկացրեց 2015 թվականի նոյեմբերի կեսին, իսկ Պարսկաստանը – 2016 թվականի հունվարի սկզբին: Մեր երկրում նոր շճատեսակի դաբաղի առաջին դեպքերը գրանցվեցին 2015 թվականի դեկտեմբերի սկզբին, սակայն մեր անասնաբուժական ծառայությունները սկզբից վերագրում էին դրանք դաբաղի այն տիպերին, որոնք վերջին տասնամյակի ընթացքում գրեթե ամեն տարի գրանցվում են մեր երկրում դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստումների ոչ պատշաճ իրականացման հետևանքով: Նոր շճատոսակի դաբաղի բռնկման մասին 2015 թվականի դեկտեմբերին չէր հայտարարվել, իսկ նմուշները ուղարկվեցին տարածաշրջանային ռեֆերենս լաբորատորիյա շճատեսակի ախտորոշման համար միայն 2016 թվականի հունվարի առաջին կեսին, երբ հիվանդությունը արդեն տարածվել էր մի քանի համայնքներում: Սա ես ձախողում չեմ կարող համարել, չնայած նրան որ կանխարգելիչ միջոցառումների օպերատիվության առումով թերացումները ակնհայտ են:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված թերացման և ձախողման տարանջատումը ձեր կողմից նշված դեպքերում:

- Ես համարում եմ որ մենք պետք է ռեալ գնահատենք մեր երկրի բուսասանիտարական և սանիտարական պետական ծառայությունների կարողությունները և հնարավորությունները: Իհարկե, մեր երկրում դրանք ավելի զարգացած են քան, ասենք Պակիստանում, բայց դեռ ունեն մի շարք լուրջ խնդիրներ որոնք հնարավոր չի լուծել ոլորտի պատասխանատուների այսօրվա մոտեցւմներով: Այնուամենայնիվ, մենք չպետք է շտապենք մեղադրել մեր մասնագետներին հանցավոր անգօրծության, շահադիտական մղումների կամ ինչ-որ այլ ոչ մասնագիտական նկատառումների մեջ, քանի որ, որոշ դեպքերում խնդիրների լուծումը նրանց կարողություններից վեր է: Օրինակ, եթե լոլիկի ցեցի, կառտոֆիլի ցեցի և նոդուլյար մաշկաբորբը ներթափանցումը ՀՀ մենք կարող ենք համարել ձախողում մասնագիտական թերացման հետևանքով, քանի որ մեր երկրի բուսասանիտարական և սանիտարական ծառայությունները ունեին համապատասխան գործիքներ դրանց ներթափանցումը կանխելու և հետագա տարածումը կանխարգելելու համար, ապա նոր շճատեսակի դաբաղի դեմ պաշտպանվելը 2015 թվականին ուղղակի տեխնիկապես հնարավոր չէր: Չնայաց որ որոշ լրատվամիջոցներ մեղադրում են Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության Անասնաբուժական Տեսչությանը ձախողման համար, սա ես ձախողում համարել չեմ կարող քանի որ 2015 թվականին այդ շճատեսակի դաբաղի դեմ համապատասղան պատվաստանյութ շուկայում դեռ չկար և դրա ներթափանցումից հետո հիվանդության տարածումը անխուսապելի էր:

- Հնարավո՞ր չէր արդյոք կանխել ներթափանցումը մի այլ եղանակով:

- Տեսականորեն հնարավոր էր, բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ էր ուժը կորցրած ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա տխրահռչակ հրամանը, ինչպես նաև համապատասխան արգելքներ սահմանել Սաուդյան Արաբիայից, Պարսկաստանից և Հնդկաստանից  կենդանական ձագման հումք և մթերք ներկրելու նկատմամբ, քանի որ դաբաղի այս նոր շճատեսակը այդ երկրներում արդեն գրանցվել էր: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ, ինչպես ես արդեն նշեցի մեր զրույցի սկզբում, այս ոլորտի խնդիրները լուծելիս պատասխանատուները մեծապես ուղղորդվում են տնսեսական և քաղաքական նկատառումներով, այլ ոչ թե վտանգի մասին մասնագիտական եզրակացություններով: Նման մոտեցումը, որպես օրենք ունենում է լուրջ բացասական հետևանքներ մեր երկրի տնտեսական զարգացման համար, որի ականատեսնենք մենք այսօր:

- Դուք նկատի ունե՞ք Ռուսաստանի կողմից սահմանված արգելքը Հայաստանից կաթնամթերքի ու մսի ներմուծուման նկատմամբ:

- Ոչ միայն դա: Ոլորտի պատասխանատուների այսօրվա գործելաոճի շնորհիվ մեր բուսասանիտարական և սանիտարական ծառայությունները ձեռք են բերում անվստահելիյի պետական ծառայությունների համբավ թե երկրի ներսում և դրանից դուրս: Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ու մսի ներմուծուման արգելքը գործում էր 2004 թվականից և պայմանավորված էր դաբաղի և խոզերի աֆրիկյան ժանտախտի առկայությամբ մեր երկրում: 2014 թվականի վերջին Ռուսաստանը նախապայմաններով կասեցրեց այդ արգելքը մի շարք կենդանական ծագման մթերքների համար, ինչը անմիջապես ներկայացվեց լրատվամիոցների կողմից որպես Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայության նվաճում: Սակայն դա այդպես չէր, քանի որ արգելքի կասեցումը մեծապես պայմանավորված էր մեր երկրների միջև դաշնակցային հարաբերոըթյուններով ինչպես նաև ՀՀ անդամակցությամբ ԵՏՄ-նը: Արգելքի կասեցման պահին մեր երկիրը դասվում էր և մինչև հիմա դասվում է դաբաղի և խոզերի աֆրիկյան ժանտախտի նկատմամն անապահով երկրների ցանկին, ինչը ենթադրում է կենդանական հումքի, մթերքի, կերի և սննդի  արտահանման արգելք: Արգելքի կասեցումը վկայում էր այն մասին որ Ռուսաստանը իր վրա վերցնելով ռիսկ դրսևորում է իր բարյացակամ վերաբերմունքը և վստահությունը դաշնակցի նկատմամբ: Ցավոք, ոլորտի պատասխանատուները չարաշահեցին այդ վստահությունը և  չկարողացան օգտվել ընձեռնված հնարավորություններից: Արտահանվող մթերքների սանիտարական անվտանգության վերահսկողության մակարդակը և 2014-2015 թվականներին մեր մամուլում տեղ գտած հրապարակումները հիմք էին տալիս ենթադրել, որ Ռուսաստանի քայլը մեկնաբանվեց այլ կերպ: Արդյունքում մենք ունեցանք մի իրավիճակ երբ ՀՀ Էկոնոմիկայի Նախարարը հայտարարեց ԵՏՄ արտահանման խթանման խորհրդի ստեղծման մասին և այդ հայտարարությունից հետո, Ռուսաստանի անասնաբուժա-սանիտարական ծառայությունը կրկին սահմանափակեց Հայաստանից կաթնամթերքի ու մսի ներմուծումը:

- Ի՞նչ քայլեր եք առաջարկում դուք` լինելով ոլորտի մասնագետ իրավիճակը ուղղելու համար:

- Գիտեք, մեր երկրում ստեղծված բուսասանիտարական և սանիտարական իրավիճակի ուղղումը այդքան էլ հեշտ գործ չէ և պահաջում է առաջին հերթին քաղաքական կամք: Վնասատուները և հիվանդությունները մեր տարածաշրջանում բազմազան են դրանց չեզոքացումը պահանջում է ինչպես ծավալուն ներդրումներ, այդպես էլ լուրջ մասնագիտական մոտեցում: Քանի որ մեր երկրի ֆինանսական կարողությունները շատ սուղ են, ապա բուսասանիտարական և սանիտարական անվտանգության վերահսկողությունը պետք է հիմնված լինի ռիսկերի ճիշտ գնահատման, վտանգների վաղ կանխարգելման և առկա ռեսուրսների արդյււնավետ կառավարման վրա: Հիվանդության կանխարգելումը միշտ ավելի արդյունավետ է կան թե դրա արդյունավետ բուժումը, իսկ դրա համար անհրաժեշտ է որ օրենսդրությունը բուսասանիտարական և սանիտարական ծառայություններին հնարավորություն ընձեռի անարգելք կասեցնել վտանգավոր հումքի և մթերքի տեղաշարժը երկրի ներսում և դրա ներկրունը այլ երկրներից: Ստեղծված բուսասանիտարական և սանիտարական իրավիճակում, գյուղատնտեսական հումքի և մթերքի ներկրման կրճաումը ունի ոչ միայն կանխարգելիչ, այլ նաև խթանիչ դեր, քանի որ այն զարկ կտա ՀՀ-ում գյուղատնտեսության զարգացմանը: Իմ կարծիքով, թույլ տված թերացումների ուղղումը պետք է սկսել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի հունիսի 7-ի N 103-Ա հրամանի կասեցումից և համապատասխան սահմանափակումնեից Պակիստանից և Սաուդյան Արաբիայից ներկրվող գյուղատնտեսական հումքի և մթերքի նկատմամբ: Այսօր մեր երկիրը ունի բոլոր գիտական, բարոյական և քաղաքական հիմքերը նշված քայլերը կատարելու համար:

                                                                                                                         Հեղինակ՝ Վարդուհի Սաֆարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին