Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգավորներին հայերենով է ողջունել` ասելով «Բարև ձեզ»: Հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը:
Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությա» (ԺԴԿ-HDP) կողմից ընտրված Փայլանը անդրադարձել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի ղեկավար Թահիր Էլչիի սպանությանը: Փայլանը Թահիր էլչիին նմանեցրել է Հրանտ Դինքին` ասելով, որ նա նույնպես «խաղաղության աղավնի» էր:
Հայազգի պատգամավորն իր ելույթում իշխանությունների հասցեին սուր քննադատություններ է հնչեցրել` ասելով. «Այս պետության վրա 3 մատ հաստությամբ փոշի է նստած: Մեր պարտականությունն է ոչ թե ծածկել այդ փոշին, այլ մաքրել դա: Եթե չմաքրենք, ապա կկրկնվեն հանցագործությունները: Հրանտ Դինքի սպանությունը ծածկեցիք, այդ պատճառով էլ հանացագործությունը կրկնվեց և մեկ այլ «խաղաղության աղավնի»` Թահիր Էլչին սպանվեց: Թահիր էլչին Հրանտ Դինքի նման հավատում էր խաղաղության, եղբայրությանը, ժողովրդավարությանը և պայքարում էր դրանց համար: Երկուսն էլ սպանվեցին: Եվ սա պետության վրա ծանրացած փոշու ապացույցն է: Եթե պետությունը հանցագործություն կատարի, ո՞վ է բացահայտելու, ո՞վ է վերահսկելու»:
Աղբյուր` Ermenihaber.am