Գերմանիայի դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) ձայների գերակշիռ մեծամասնությամբ այսօր ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Քվեարկության արդյունքներով՝ եղել է ընդամենը 1 դեմ և 1 ձեռնպահ:
Բանաձևում նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար և 1915թ.-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները որակում ցեղասպանություն:
Ինչպես և ակնկալվում էր՝ կատարվածը մեծ արձագանք է գտել Թուրքիայում: Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի փոխանցմամբ՝ ազգայնամոլական, հակահայ ալիք է բարձրացել, ինչը սպասելի էր: Սրվել են նաև Գերմանիայի դեմ տրամադրությունները.
«Եթե վերցնենք օրինակ՝ «Թվիթեր» միկրոբլոգը, որը խիստ տարածված է Թուրքիայում, ապա այնտեղ վերջին ժամերի գլխավոր հեշթեգերից էր «Հայոց ցեղասպանությունը դարի սուտն է» գրությունը, ինչը պարզ ասած՝ նշանակում է, թե որքան մեծ թվով մարդ է կիսվել դրանով, որ այն հայտնվել է թվիթերյան թրենդների մեջ»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետը:
Անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերություններին և հարցին, թե դրանք ինչպիսի՞ն են լինելու Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևից հետո, Գևորգ Պետրոսյանը նշեց, որ դրանք միշտ առանձնահատուկ են եղել.
«Վերջին շրջանում թիվ մեկ հարցը փախստականների վերաբերյալ համաձայնությունն էր, որը Թուրքիայի այժմեական արժեքը բարձրացնում էր Եվրոպայի և մասնավորապես Գերմանիայի մոտ, ինչից օգտվելով Էրդողանն ու իր համախոհներն արագորեն հաշիվներ մաքրեցին ընդդիմադիր տարբեր ուժերի դեմ՝ խույս տալով եվրոպական քննադատությունից:
Միևնույն ժամանակ, Էրդողանի նկատմամբ բացասական տրամադրություններ էին կուտակվել եվրոպական տարբեր կառավարությունների շարքերում: Կարծում եմ՝ կարևոր էր նաև Դավութօղլուի հեռացումը, որը կարողացել էր վերջին ամիսներին Եվրոպայի հետ համեմատաբար բալանսավորված հարաբերություններ կառուցել, որոնք, ինչպես արդեն նկատելի է, սկսում են խարխլվել:
Այժմ Թուրքիայի քայլերը Գերմանիայի դեմ լինելու են ցուցադրական, բարձրաձայնող, բայց ժամանակավոր: Այսինքն՝ առաջին ալիքից հետո Անկարան ու Բեռլինը գնալու են առկա լարվածության թուլացման, քանի որ երկկողմանի շահերն ու հետաքրքրությունները բավական մեծ են: Ֆրանսիայի օրինակն էլ կարող ենք որպես հնարավոր սցենար դիտել, երբ Թուրքիան սկզբում ընդվզեց, սակայն ժամանակի ընթացքում կողմերը կարողացան հարթել սուր եզրերը»:
Թուրքագետի կարծիքով՝ այս բանաձևն ուղղակիորեն չի ազդում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման վրա.
«Ընդհակառակը, հաշվի առնելով թուրքական իշխանության ընտրազանգվածում ի հայտ եկած հակահայ հայտարարությունները, պետք է սպասել ոչ թե ընդունման, այլ հակահայ քայլերի: Սա է մերօրյա Թուրքիայում իրականությունը»,-նկատեց Գևորգ Պետրոսյանը:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Թուրքիան զայրացրել էր գերմանացիներին.Դիվանագետը՝ Բունդեսթագի կայացրած որոշման մասին