Ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմաիլ Քահրամանը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Արցախի հիմնախնդրին: Ըստ թուրքական «Haber8» լրատվական կայքի` Քահրամանը, նշելով, որ Արցախի հիմնախնդիրը բոլորի հիմնախնդիրն է, ասել է.
«Մենք այն ընդունում ենք, որպես մեր սեփական խնդիրը: Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը, որպեսզի Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հետ կապված այդ խնդիրը լուծվի միջազգային իրավունքին համապատասխան»: Քահրամանը նշել է, որ հարցի լուծման ուղղությամբ որոշակի ցուցադրական քայլեր են կատարվում, բայց վերջնական քայլ չի կատարվում ու նորից հետընթաց է գրանցվում:
Թուրք պաշտոնյան ավելացրել է նաև, որ այդ հարցը պարտադիր լուծում է պահանջում, և իրենք կշարունակեն աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Աղբյուր` Ermenihaber