Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը (IHD) ողջունել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը եւ դատապարտել Թուրքիայի սպառնալիքները Գերմանիայի թուրք պատգամավորների հասցեին։
Թուրքական Etkin գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Մարդու իրավունքների միության ռասիզմի եւ խտրականության դեմ հաննաժողովը նամակ է ուղարկել Գերմանիայի հյուպատոսություն, որում դատապարտել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիայի իշխանությունների, թուրքական մամուլի ու թուրքական հասարակության ազգայնամոլ հատվածների կողմից Գերմանիային ուղղված ռասիստական ու վիրավորական հայտարարությունները։
Նամակում նշվել է, թե Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավորների նկատմամբ թուրք պաշտոնյաների վիրավորական արտահայտությունները ցույց են տվել, թե ինչ վիճակում է Թուրքիայի ժողովրդավարության մակարդակը։
Նամակի վերջում ասվում է, որ Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը ողջունում է Բունդեսթագի ընդունած բանաձեւը եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ թշնամություն համարում Գերմանիայի նկատմամբ Թուրքիայի վիրավորական ու ռասիստական հայտարարությունները։