1in.am-ը գրում է, որ Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները վերստին դիտարկում են Հայաստանի հետ հաշտեցման գործընթաց սկսելու և երկու երկրների միջև սահմանը բացելու հնարավորությունը:
Այդ մասին գրել է թերթի սյունակագիր Ֆաթիհ Չեքիրգեն: Նա ընդգծել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքու կատարած վերջին այցի ժամանակ փորձել է ճշգրտել այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումն ու արձագանքը:
Ընդգծվում է, որ Չավուշօղլուն Բաքու այցելել է հուլիսի 15-ին, ինչից հետո մեկնել է Թբիլիսի, այցի ժամանակ Չեքիրգեն նույնպես ուղեկցել է նրան: Լրագրողի խոսքով՝ Թուրքիայի արտգործնախարարը, այցի ժամանակ մեկնաբանելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամի հաղթահարումը, հայտարարել է. «Դուք կտեսնեք, թե մենք դեռ ինչ կանենք հանուն խաղաղության: Շուտով դուք կլսեք ավելի ուրախալի նորություններ»:
Երբ Չեքիրգեն փորձել է ճշգրտել, թե ինչ նկատի ունի նախարարը, նա չի մանրամասնել իր խոսքերը:
Դրա հետ կապված՝ Չեքիրգեն հայտարարել է. «Ես միայն հիմա իմ ընկեր դիվանագետներից իմացա, որ իշխանությունները, որոնք ձգտում են նվազեցնել թշնամիների թիվը և մեծացնել ընկերների թիվը, ունեն Հայաստանի հետ սահմանը բացելու պլան:
Այդ ուղղությամբ առաջին քայլը ձեռնարկել է Մևլյութ Չավուշօղլուն հուլիսի 14-15-ը Բաքու կատարած այցի ժամանակ: Նախարարը ստուգել է, թե ինչպիսին կլինի Բաքվի արձագանքը Հայաստանի հետ հաշտեցման փնտրտուքին առնչվող Անկարայի պլաններին: Այդ հարցում արդեն իսկ կա դրական մթնոլորտ, և կա հիմք՝ հետագայում այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար:
Սակայն այն ժամանակ, երբ Անկարան Բաքվի հետ խորհրդակցությունների մեջ էր Երևանի հետ հաշտեցման մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ, ներքին թշնամիները Թուրքիայում պատերազմ սանձազերծեցին ժողովրդավարության դեմ»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում