«10 օրից ավելի է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ է իրականացնում, իսկ սա որոշակի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի հետ դիվանագիտական պայմանավորվածությունների արդյունք է»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ հավելելով.
«Թուրքիան իր գործողությունը սկսեց այն օրը, երբ ԱՄՆ փոխնախագահ Բայդենը պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում և ասուլիսի ժամանակ ասաց, որ այդ գործողությունը համաձայնեցված էր դաշնակիցների հետ: Սա նշանակում է, որ Էրդողանի դիվանագիտական լարախաղացությունը, որը կատարում էր վերջին շրջանում, տվեց իր արդյունքը»:
Թուրքագետը նկատում է՝ պաշտոնապես Թուրքիան պայքարում է ԻՊ-ի դեմ, բայց դա այդպես չէ.
«Այս երկիրը բազմիցս է հայտարարել, որ իր սահմաններում թույլ չի տա քրդական միջանցքի կամ որևէ միավորման ստեղծումը: Երկրորդ՝ ցանկանում է իր ներկայությունն ապահովել Սիրիայի տարածքում, շարժվել հարավ ու մի «կտոր կրծել» ու ավելացնել դեռևս 30-ական թվականներին վերցված Հաթայի շրջանին»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը:
Թուրքագետի խոսքով՝ Սիրիայում Թուրքիայի առկայության դեպքում վտանգված է սիրիահայության ապագան:
Նշենք, որ օգոստոսի 24-ի վաղ առավոտյան թուրքական օդուժն ու հրետանին ծանր հրետակոծության են ենթարկել Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուսի շրջանը, որը գտնվում է «Իսլամական պետության» հսկողության տակ։
Անի Կարապետյան