Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Թուրքիան կափսոսա իր արածի համար: Այս հայտարարությամբ Կադիրովը հանդես է եկել` մեկնաբանելով Սիրիայում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման հետ կապված միջադեպը:
«Կասկած չունեմ, որ Թուրքիան երկար ժամանակ կզղջա կատարվածի համար: Այդպես նենգաբար չեն վարվում նրանք, ովքեր ամեն առիթով խոսում են բարեկամության և համագործակցության մասին», - ասել է Կադիրովը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Չեչնիայի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Չեչնիայի Հանրապետությունը և ողջ չեչեն ժողովուրդը պատրաստ են կատարել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկացած հրաման:
Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին երեկ կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։
Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը: