▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան եվրոպական դատարանի վճիռը որակում է որպես պատմական հաղթանակ. Գևորգ Պետրոսյան

«Ես չեմ կարող ասել, որ ՄԻԵԴ վճիռը հօգուտ թուրքական կողմի ինձ համար բացարձակ անսպասելի էր, բայց, այնուամենայնիվ, քաղաքական  մթնոլորտը, դատական վերջին նիստի ընթացքը, դրանից հետո Եվրոպայում տեղի ունեցող զարգացումները, Ցեղասպանության հարյուրամյակը որոշակի լավատեսության հիմք էին տալիս, թեպետ ես այդ կարծիքին էի` չլինելով իրավագիտության ոլորտի նեղ մասնագետ և չիմանալով, թե հենց իրավական դաշտում այն ինչ լուծում կարող է ստանալ:  Ուղղակի նման ակնկալիք ունեի` վերլուծելով հասարակական և քաղաքական մթնոլորտը»,- Asekose.am-ին ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հրապարակած «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռին, որի համաձայն` թուրք քաղաքական գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտման ազատություն):

Ըստ Գևորգ Պետրոսյանի` թուրքական մեդիան արդեն սկսել է թմբկահարել այս զարգացումը՝ եվրոպական դատարանի վճիռը որակելով «պատմական հաղթանակ»:

«Սա բավական կարևոր, սակայն մեզ համար ոչ դրական զարգացում է: Թուրքիան թմբկահարելու է այս որոշումը, ինչն էլ արդեն անում է թուրքական մեդիան: Այս որոշումը բավական բացասական է նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից: Չունենալով նեղ մասնագիտական գիտելիքներ` պետք է նշեմ, որ սա իր տեսակի մեջ յուրահատուկ որոշում է. բարդ է ասել` արդյոք սա կունենա  նախադեպ, թե՞ ոչ»,- իր խոսքը եզրափակեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ 2007-ի  մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց Ցեղասպանության ժխտման համար` այն անվանելով «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի էր տվել ռասայական խտրականության հոդվածով: 

Հայաստանը 2014թ. օգոստոսից «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում ներգրավված էր որպես երրորդ կողմ: Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանում էին փաստաբաններ Ամալ Քլունին եւ Ջեֆրի Ռոբերտսոնը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին