«Թուրքիան բարդ վիճակում է հայտնվել, որովհետև Ռուսաստանի հետ առճակատմանը կարծես թե գումարվում են ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները, ինչը կապված է քրդական հարցի հետ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով.
«ԱՄՆ-ն իր պետական շահերը վեր է դասում Թուրքիայի կամակորություններից՝ փորձելով Սիրիայում իրականացնել իր քաղաքականությունը, այսինքն՝ աջակցում է քրդերին: Իսկ Սիրիայում քրդերի հաջողությունները դեմ են թուրքական շահերին»:
Առանձնակի կարևորություն են ներկայացնում ռուս-թուրքական հարաբերությունները.
«Կողմերն իրենց պայքարը տեղափոխել են Սիրիա, որը թատերաբեմի է վերածվել: Ներկա իրավիճակը դեմ է Թուրքիայի շահերին, քանի որ մի կողմից կառավարական զորքերն են հաջողություն գրանցում, ինչը նշանակում է, որ Ասադի հեռացումը հետաձգվում է, մյուս կողմից՝ հաջողություն են գրանցում քրդերը և Թուրքիան, կորցնելով իր ազդեցության ներքո գտնվող խմբավորումներին՝ կորցնում է սիրիական հակամարտությանը միջամտելու հնարավորությունը»,-նկատեց թուրքագետը:
Asekose.am-ի թղթակցի հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Սիրիայի քրդերի կողմից Մոսկվայում ներկայացուցչություն բացելու հանգամանքը, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց.
«Թուրքիայի վրա ազդելու համար ամենաակնառու ուղղությունը քրդական հարցն է: Եվ, եթե այս 2 երկրների հարաբերություններն այսպես շարունակվեն՝ ռուսական կողմն ավելի շատ է փորձելու շահարկել քրդական գործոնը»:
Անի Կարապետյան