Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն ու քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանմանը, իրական պատճառներին:
«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, կանխատեսելի էր, քանզի վերջին շրջանում լարված էին ռուս-թուրքական հարաբերությունները, հատկապես այն բանից հետո, երբ ռուսական ղեկավարությունը հայտնաբերել էր, որ թուրքական պետությունն աջակցում է ԻՊ-ին: Նշեմ նաև, որ թուրքական կողմը, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, ստիպված է կատարել այն պատվերները, որոնք տրվում են ղեկավար պետությունների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից: Եվ գաղտնիք չէ այն հանգամանքը, որ Թուրքիայի՝ որպես պետություն գոյություն ունենալը բացատրվում է նրանով, որ թուրքական կողմը գործիք է ՆԱՏՕ-ի համար՝ հակադրվելու Ռուսաստանին:
Պետք է շեշտել նաև այն հանգամանքը, որ երբ Էրդողանը հաղթեց վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, այն արվել էր Արևմուտքի աջակցությամբ՝ պայմանով, որ կատարի այն, ինչ հրահանգում է Էրդողանը:
Այլ կերպ ասած՝ ռուսական ինքնաթիռի խոցումը ՆԱՏՕ-ի վերնախավի կողմից տրված պատվեր էր: Սա իրականում ոչ թե ռուս-թուրքական, այլ ՆԱՏՕ-Արևելք հակամարտություն է, որը տարածաշրջանում ավելի կսրի իրավիճակը: Երեկ ԱՄՆ ղեկավարությունը որոշել է ռուսական կողմի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել, իսկ սա խոսում է այն մասին, որ հակամարտության սրման նոր փուլի ենք ականատես: Օրինակ՝ այժմ Լաթաքիայի ռուսական ռազմաբազան համալրվել է նորագույն զենիթահրթիռային համակարգերով, բացի այդ՝ ընդլայնվել է ռուսական ցամաքային զորքերի թիվը»,-ասաց Մուշեղ Խուդավերդյանը:
Շարունակելով վերջինին՝ Սերգեյ Շաքարյանցը նկատեց.
«Էրդողանն արդեն լրիվ ԱՄՆ-ի խամաճիկն է: Բանն այն է, որ նույն օրը, երբ խոցվել է ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը, Թեհրանում աննախադեպ բանակցություն է կայացել: Սիրիայի պատերազմին Իրանը կմասնակցի ոչ թե կամավորներ ուղարկելով, այլ իրական ցամաքային ուժերով: Այս դեպքում ԱՄՆ-ն կորցնում է ոչ միայն ԻՊ-ը, այլև Իրաքը, այդտեղի քրդերին, Մերձավոր Արևելքը: Սա է, որ թուրքերն ու ԱՄՆ-ն սա համարել են անթույլատրելի քայլ»:
Անի Կարապետյան