azatutyun.am-ը գրում է. Հայաստանի պաշտոնական կառույցներն առայժմ չեն արձագանքում տեղեկությանը, ըստ որի Թուրքիայի ռազմական ուղղաթիռները երկու օր շարունակ ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը։
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, ավելի վաղ, «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տևողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Մովսիսյանի փոխանցմամբ, Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը։
Հարցազրույցից տեղեկանում ենք, որ հարցմանն ի պատասխան, Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ըստ այդ կառուցի ղեկավարի, պատժիչ գործողություններ չի իրականացրել, քանի որ դրա համար ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ իրավասություն։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում տեղի ունեցածը: Նախարարությունից փոխանցում են միայն, որ քաղավիացիայի վարչության պետի ասածին ավելացնելու բան չունեն։ 4 օր առաջ արձանագրված սահմանախախտման այս փաստերին դեռևս որևէ կերպ չի արձագանքել նաև Հայաստանի արտգործնախարարությունը։
Ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թուրքական ռազմական ուղղաթիռներն ամենևին էլ «պատահաբար» կամ «եղանակային պայմանների պատճառով» չեն հատել հայկական սահմանը։ Նա հիշեցրեց՝ այդ սահմանը հսկում է ռուսական զինուժը, որի ինքնաթիռներն ավելի վաղ՝ Սիրիայի կառավարությանը աջակցելու ընթացքում, մի քանի անգամ ներխուժել էին Թուրքիայի տարածք:
«Վերջին անգամ թուրքական ինքնաթիռները կամ ուղղաթիռները Հայաստանի սահմանը հատել են դեռ «սառը պատերազմի» ժամանակ: Որքան գիտեմ, երկու-երեք անգամ: Եվ բոլոր այդ ինքնաթիռները խոցվել են Սովետական Հայաստանի տարածքում: Այս անգամ ես կարծում եմ, որ դա ուղղակի կապ ունի Սիրիայի սահմանին եղած այդ իրադարձությունների հետ: Եվ երևի թե Թուրքիայի ղեկավարության տեսանկյունից, նման գործողությունը կարող է դիտարկվել որպես պատասխան՝ ռուսական կողմի քայլերին [ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտման փաստերին], որոնք, կարծում եմ, Թուրքիայի համոզմամբ, նույնպես եղել են կանխամտածված»,- ասաց փորձագետը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում