Թուրքիայի ռազմաարդյունաբերության գծով փոխնախարար Իսմայիլ Դեմիրը Վաշինգտոնում հայտարարել է, որ Թուրքիան արդեն ԱՄՆ-ից հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) չի գնի: Այս մասին հայտնում է թուրքական «Ahaber» լրատվական կայքը: Դեմիրը Վաշինգտոնում գտնող վելուծական կենտրոններից մեկում՝ «Ատլանտիկ խորհրդում», մասնակցել է «Թուրքիայի քաղաքականությունը ռազմական արդյունաբերության ոլորտում» քննարկմանը: Նա ելույթի ժամանակ նշել է, որ Թուրքիան ռազմական արդյունաբերության ասպարեզում աստիճանաբար ավելի հաստատուն և անկախ քայլեր է անում: Դեմիրն ընդգծել է, որ ԱՄՆ և Թուրքիան այս ոլորտում մի շարք համատեղ նախագիծ են ունեցել, սակայն Վաշինգտոնի կողմից դրանցից հրաժարումը Անկարային դրդել է այդ ծրագրերը միայնակ իրագործել: «Այստեղ փոխաբերական իմաստով որևէ բան ասել չեմ ցանկանում, բայց ԱՄՆ կողմից չհաստատված որոշ նախագծերի համար շնորհակալություն եմ հայնտում, քանի որ այդ իրավիճակը մեզ առաջնորդեց մեր սեփական համակարգեր ստեղծելու ուղղությամբ»,-ասել է Թուրքիայի ռազմարդյունաբերության պետը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի կողմից հարվածային ԱԹՍ-ների նախագծի մերժումից հետո Թուրքիան միայնակ է ստեղծել այդ համակարգերը: Ըստ Դեմիրի՝ Թուրքիան սեփական հարվածային ԱԹՍ-ների արտադրության ուղղությամբ լուրջ քայլեր սկսել է ձեռնարկել 2013 թվականից, երբ ԱՄՆ Կոնգրեսը չահաստատեց «ահաբեկչության դեմ պայքար մղող ՆԱՏՕ անդամ Թուրքիային հարվածային ԱԹՍ-ների և կառավարվող այլ զինատեսակների վաճառքը»: Դեմիրը, խոսելով Թուրքիայի ռազմարդյունաբերության հետագա ծրագրերի մասին, ընդգծել է, որ 2020 թվականին Թուրքիան մոտ կլինի սեփական ռազմական ինքնաթիռները արտադրելուն: «Այս հարցում Թուրքիան միջազգային կազմակերպությունների հետ կհամագործակցի, սակայն որևէ պայմանագրով իր գործողությունները սահամանփակող կետեր չի ցանկանում ունենալ»:
Աղբյուր` Ermenihaber