▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք հոդվածագիր. «Խոստում» ֆիլմը Թուրքիայի համար գլխացավանք է դառնալու

Թուրք հոդվածագիր Ալի Էյուբօղլուն անդրադարձել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Թուրքական «Milliyet» թերթում հրապարակված հոդվածում Էյուբօղլուն զգուշացնում է, որ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմից հետո «Խոստումը» Թուրքիայի համար մի նոր գլխացավանք է դառնալու:

«Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմը 1978 թվականին նկարահանել է ռեժիսոր Ալան Փարքերը: Այն հիմնված է իրական փաստերի վրա: Թուրքիայում ազատազրկման դատապարտված ամերիկացի Բիլլի Հեյսի պատմության միջոցով ներկայացվում է Թուրքիայում տիրող ապօրինությունները, բանտային դաժան իրականությունը, բռնությունը և իշխանական ամենաթողությունը: Ֆիլմն արժանացել է 2 Օսկարի: «Տարիներ շարունակ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմով ենք զբաղվել: Հետո էլ անվեջանալի գլխացավանք դարձան տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին օրինագծերի ընդունումը: Մինչև հիմա էլ զբաղվում ենք այս հարցով… Հիմա էլ մոտ ժամանակներս մի գլխացավանք էլ կավելանա…»:

Կարճ անդրադարձով ներկայացնելով ֆիլմի սցենարը՝ Էյուբօղլուն նշում է, որ ֆիլմում սիրային եռանկյունու պատմությունն ընդամենը պատրվակ է, իսկ հիմնական նպատակը՝ ցույց տալ, որ թուրքերը ցեղասպանության են ենթարկել հայերին: «Իհարկե, հարցնողներ կլինեն, թե ինչպես եմ նման եզրակացություն արել առանց ֆիլմը դիտելու»,-գրում է թուրք հոդվածագիրը՝ նշելով, որ իրեն այդպես մտածելու տեղիք են տվել նախ ֆիլմի թրեյլերը և երկրորդ՝ ֆիլմի պրոդյուսերների շարքում Քըրք Քըրքորյանի անունը:

Էյուբօղլուն, Քըրքորյանին ներկայացնելով որպես Հայաստանի գլխավոր հովանավոր, գրում է. «Երբ այդ ֆիլմը վարձույթի դուրս գա, այն ժամանակ կտեսնեք, թե թուրքերի թշնամի Քըրքորյանը մահվանից առաջ ինչ գլխացավանք է թողել մեզ»: Հիշեցնենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են օսկարակիր Քրիստիան Բեյլի, Շառլոթ լը Բոնը և Օսկար Այզեքը:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին