ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքն առաջացրել է ծանր հետևանքներ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Տ․Խ․-ն, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։
2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։
2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։
***
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համառոտ տեղեկանք Տիրան Խաչատրյանի վերջին տարիների գործունեության մասին
• 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի հունվարի 24-ի հրամանագրով՝ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ՝ Բանակի օրվան ընդառաջ։
• ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, 2020 թվականի հունիսի 12-ին, Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-124-Ա հրամանագրով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։
• 44-օրյա պատերազմի ընթացքում հրաման է ստացել լքել ԶՈՒ հրամանատարաշտաբային կետը և մենել առաջնագիծ, որտեղ ստացել է հրազենային վիրավորում, այսինքն` թշնամուց գնվել է մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
• 2020թ. հոկտեմբերի 22 Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-260-Ա հրամանագրով, Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Հայրենիքի շքանշանով (արժանացել է Ազգային հերոսի կոչման):
• Նույնը օրը նույն շքանշանով պարգևատրվել է նաև Անդրանիկ Փիլոյանը, ով հետագայում նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, որից հետո ձերբակալվել է և դատապարտվել գազի կաթսայի յուրացման անհիմն մեղադրանքով։
• Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմից հետո իրականացրել է մի շարք իշխանահաճո հայտարարություններ, մասնավորապես, Սոթքի հատվածում ՀՀ ԶՈՒ հետքաշման մասին: 2020 թվականի նոյեմբերի 26-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով www.youtube.com/live/h1v64y3DELY
• ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է 2021 թվականի փետրվարի 24-ին Հանրապետության նախագահի ՆՀ-25-Ա հրամանագրով՝ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասով։ Պաշտոնազրկման պատճառը Նիկոլ Փաշինյանի կողմից «Իսկանդեր» զինատեսակի 10%-ով կրակելու մասին մինչ այդ կատարված հայտարարությանը քմծիծաղով արձագանք է եղել։
• Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո` ՀՀ ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան գեներալներ և սպաներ, Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ։
• 2021-2024 թվականներին Տիրան Խաչատրյանը մասնակցել է ընդդիմադիր շարժումներին, եղել է «Համախմբում» շարժման անդամ, ընդգրկված է եղել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության կազմում։
• 2024թ. հունվարի 12-ի գիշերը Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մեկ անձի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վարույթի շրջանակներում Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է, հետագայում ազատ է արձակվել։
• 2025 թվականի հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ է ունեցել «հերոսների» և «հերոսությունների», նրանց գնահատման և արժեզրկման մասին։ Նույն օրը Ազգային հերոսի կոչման արժանացած Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման»։
***
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրեր առաջ անհետ կորած զինվորների ծնողներ էին Բաղրամյան պողոտան փակել, պահանջում էին հանդիպել Ա. Քոչարյանի հետ: Ուզում էին իմանալ 44-օրյա պատերազմի գործով քննիչ հանձնաժողովը ինչեր է բացահայտել: Իրենցից ոմանց ասելով, ուզում էին իմանալ ովքեր են դավաճանները՝ 44-օրյա պատերազմի պարտված և մեծաքանակ զոհերի պատճառ անձինք, կարծես թե պարզ չէ իրենց ու իշխանության հորինած ինչ-որ հանձնաժողով պիտի պարզեր:
Այս դեպքի վայր՝ Բաղրամյան պողոտա է ժամանում ԱԺ նախագահի պաշտոն զբաղեցնողը և բոլորին հրավիրում ԱԺ՝ ասելով, որ ԱՔ-ին կկանչի: Մինչ օրս հանդիպումը (լսումները) տեղի չի ունեցել, բայց ԱՔ-ն ասում է կկայանա հանդիպումը ու այդ ծնողների հարցերին պատասխաններ կփորձեն տալ:
Անցնում է ևս մի քանի օր ու այսօր ձերբակալում են 44-օրյա պատերազմի մասնակից գեներալներից մեկին, որը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր պատերազմի օրերին ու որին այս իշխանությունը գեներալ լեյտենանտ էր դարձրել, իսկ հետո հերոսի կոչում տվել: Հիմա էլ երևի կարծում եմ բոլորիդ պարզ է, թե ինչ են անում. ժամանակին մարդուն օգտագործել են, իսկ հիմա էլ քավության նոխազ են դարձնում: Սա բոլորին է սպասվում, ովքեր երբևէ Nիkոլի հետ համագործակցել են:
Այս թվարկածս իրադարձությունների հաջորդականությունը չեմ կարծում, թե պատահական են: Եվ ընդհանրապես Հայաստանում որևէ բան պատահական չի զուգադիպում կամ տեղի ունենում»:
***
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սպասելի որոշում «կալանքի դատավոր» Մասիս Մելքոնյանի կողմից... Տիրան Խաչատրյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով: Հապշտապ, առանց նախադեպերը հաշվի առնելու, իրեն նշանակած «շեֆի» որոշումը դարձրեց դատական ակտ»:
***
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց 2 ամիս ժամկետով։
«Հանրապետություն» կուսակցության նախկին առաջնորդ Մելքոնյանի դատական ակտը օրինական համարվել չի կարող առնվազն հետևյալ պատճառաբանությամբ.
1. Տիրան Խաչատրյանին մեղսագրված արարքը դասվում է անզգուշությամբ կատարված միջին ծանրության հանցանքների շարքին, որպիսի պայմաններում, որպես կանոն, կալանավորումը՝ որպես խափանման միջոց, չի ընտրվում։
2. Մեղսագրված արարքով գրեթե լրացել է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը, և ավելի քան ակնհայտ է, որ մնացորդ ժամակահատվածում օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ լինել չի կարող։
3. Առանց որևէ փաստարկների՝ կալանքի հիմքում դրվել է գործի քննությանը խոչընդոտելը՝ այն դեպքում, երբ մոտ 4 տարի է, ինչ Տ. Խաչատրյանը փաստացի մեղադրվում է նույն արարքում, սակայն այդ ընթացքում միայն օժանդակել է նախաքննությանը։
4. Ապօրինի մեկ այլ վարույթով, որով Տիրան Խաչատրյանը մեղադրվում է ավելի ծանր հանցանք կատարելու մեջ, իր նկատմամբ արդեն 11 ամիս է, ինչ կիրառված է բացակայելու արգելք խափանման միջոցը, որն էլ, բնականաբար, երբևէ չի խախտվել։
5. Միջնորդությանն ու կից նյութերին (1200 էջ) ծանոթանալու համար «վարպետ» Մելքոնյանը պաշտպաններ Վարազդատ Հարությունյանին և Արմեն Անդրիկյանին տվել է ընդամենը 2 ժամ ժամանակ՝ այն դեպքում, երբ քննիչը դատարանում միայն 2 ժամից ավել կարդացել է կալանավորման միջնորդությունը։
Ախր, այ Մասիս, դու ինքդ քեզնից չե՞ս հոգնում։ Անգամ բուքմեյքերներն են հրաժարվում քո դատական ակտերի մասով խաղադրույք առաջարկել։ Ասեմ ավելին՝ ես հավատում եմ, որ Հայաստանը մի օր կդառնա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, բայց, որ դու նման գործերով երբևէ կալանքի միջնորդություն կմերժես՝ ոչ։ Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է, լուրջ եմ ասում»։