Իմ ինտելեկտը չի հերիքում, որ հասկանամ՝ Դուք ինչ եք ասում։ Այսօր Ազգային ժողովում այսպես արձագանքեց Հրանտ Բագրատյանը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի այն բացատրությանը, որ Բագրատյանը չի կարող հարցեր տալ, քանի որ նախապես առաջարկներ չի ներկայացրել։
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը բացատրեց, որ նախարարի ներկայացրած փաթեթում ներառվել են մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, այդ պատճառով այս փաթեթը քննարկվելու է առաջին ընթերցման ռեժիմով:
«Պարոն Բագրատյան, մենք քննարկում ենք նախարարի ներկայացրած փաթեթի մեջ այն նոր օրինագծերի փոփոխություններն ու լրացումները, որոնք առաջին ընթերցմամբ են քննարկվում։ Կանոնադրությունն է այդպես պահանջում։ Կանոնակարգով սահմանված է՝ երբ առաջին ընթերցման ռեժիմից հետո օրինագիծը հարստացվում է լրացումներով ու փոփոխություններով, նոր կետերը քննարկվում են առաջին ընթեցման ռեժիմով, որից հետո երբ ավարտվի նորից նախարարը ներկայացնելու է այդ օրինագիծը երկրորդ ընթերցման ռեժիմով, որի վերաբերյալ կարող եք ելույթ ունենալ, բայց հարց չեք կարող տալ, քանի որ նախապես առաջարկություներ չեք ներկայացրել։ Ես հնչեցնում եմ այն մարդկանց ցուցակը, որոնք առաջարկություններ ներկայացրել են եւ կարող են հարցերով հանդես գալ»,-ասաց Նաղդալյանը:
Ի պատասխան Հրանտ Բագրատյանն ասաց. «Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում, որ հասկանամ, թե ինչ եք ասում: Տիկին փոխխոսնակ, ինձ ընդհատեցիք, թույլ չտվեցիք խոսել, մինչդեռ ներկայացված փոփոխությունները այնքան էական են, որ չի կարելի դրանք ներկայացնել երկրորդ ընթերցմամբ»: