ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացասական է գնահատում Տիգրան Սարգսյանին ԵՏՄ նախագահ նշանակելու մասին որոշումը:
«Չի կարելի կոռուպցիայի մեջ թաթախված մարդուն նման պաշտոն առաջարկել: Նա ձախողեց ՀՀ տնտեսությունը, հայտնի է օֆշորային սկանդալով: Ավելին, նա դրա մասնագետը չէ, չնայած սովոր է՝ մասնագետ չլինելով աշխատել: Օրինակ՝ անգլերեն չգիտեր, բայց դեսպան նշանակվեց: Ուստի, մենք կդիմենք ՌԴ նախագահ Պուտինին և Նազարբաևին ու կասենք, որ սխալ որոշում են ընդունել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ իր աշխատանքն է սկսել ԵՏՀ Կոլեգիայի նորացված կազմը: Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ այսուհետ այդ ղեկավար մարմնում Միության յուրաքանչյուր պետություն (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ԵՏՀ Կոլեգիայի երեք անդամների (Նախարարների) փոխարեն ներկայացված կլինի երկուսով: Այսպիսով, Կոլեգիայի անդամների թիվը փետրվարի 1-ից կկազմի 10 մարդ: Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմանը համապատասխան, Հանձնաժողովում ստեղծվել է նոր պաշտոն՝ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար): Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը (Հայաստանի Հանրապետություն): Ըստ ԵԱՏՄ մասին պայմանագրի, ԵՏՀ Կոլեգիայի լիազորությունների ժամկետը կազմում է չորս տարի:
Անի Կարապետյան