▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ասատրյան. «ԱՄՆ-ում եթերային ոչ մի խտրականություն չկա, իսկ Հայաստանում դեռ կա»

ASEKOSE.am–ի  և   ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է ամերիկահայ երգիչ Տիգրան Ասատրյանը:

 Ձեզ մինչ այսօր շատերը ճանաչում են որպես Արամ Ասատրյանի որդի: Հոր հայտնիությունը չի՞ խանգարել  Տիգրան Ասատրյանի` որպես անհատ երգչի կայացման:

 Նախ շատ հպարտ եմ, որ կրում եմ Ասատրյան ազգանունը և այսօր ամեն հնարավոր բան անում եմ, որ այն միշտ բարձունքում լինի: Ասեմ նաև, որ իմ ազգանունը ինձ միմիայն օգնում է լինել սիրված երգչի ժառանգորդը:

  Հաճախ ասում են, թե արտասահմանում, մասնավորապես ԱՄՆ-ում հայ երգիչներն ու երգչուհիներն ավելի արագ են կայանում, որովհետև սփյուռքահայ հանդիսատեսը, այսպես ասած, ճաշակով չէ, հայրենիքից հեռու է և արդյունքում վերցնում է  այն, ինչ իրեն մատուցում են: Համաձա՞յն եք այս մտքի հետ:

 Ոչ համաձայն չեմ այդ մտքի հետ, քանի որ կարևոր չէ, թե մարդ որտեղ է ապրում, ամեն տեղ էլ մնում է առողջ քննադատություն:

  Այսօր Հայաստանում ռաբիսը շատ են քննադատում, նույնիսկ նրանք, ովքեր ռաբիս են լսում, հաճախ ամաչում են խոստովանել: Ամերիկահայերի վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

 Նախ չգիտեմ, թե ինչու են այդքան վախով մոտենում ռաբիս երաժշտությանը: Կարող եմ ասել, որ ռաբիս երաժշտությանը ամենաշատ քննադատողները ավելի շատ են լսում ռաբիս. ասեմ ավելին` նույնիսկ ուրախանում են այդ երգերի տակ:

 Երգիչ-երգչուհիները հպարտանում են իրենց ֆան-ակումբներով երկրպագուների հոծ բանակով, հավատարիմ հանդիսատեսով: Այս առումով Ձեր մասին ի՞նչ կասեք:

 Բնականաբար լինել սիրված քո ժողովրդի կողմից դա արդեն ամենամեծ գնահատականն է: Ես էլ ունեմ շատ երկրպագուներ, ովքեր ինձ գրում են սոցիալական ցանցերով, իրենց կարծիքներն են հայտնում, ինչու չէ` նաև հետևում են Յութուբում տեղադրված իմ տեսահոլովակներին, որոնք ասեմ` արդեն ունեն 4 միլիոնից ավելի դիտում:

 Շոու-բիզնեսի ներկայացուցչի համար ի՞նչ կա ԱՄՆ-ում, որը չկա Հայաստանում:

 Այստեղ ԱՄՆ-ում նախ եթերային ոչ մի խտրականություն չկա, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, դեռ կա այդ խտրականությունը:

 Չե՞ք մտածում Հայաստան վերադառնալու մասին:

 Դեռ ոչ, քանի որ այստեղ ունեմ շատ անավարտ աշխատանքներ: Դրանք ավարտին հասցնելուն պես կլինեմ իմ հայրենիքում:

 Ստեղծագործական ի՞նչ նորություններ ունեք:

 Ես այստեղ աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի հաճախ իմ հանդիսատեսին, իմ երգը սիրողներին  միշտ նոր երգեր ու նոր տեսահոլովակներ մատուցեմ: Ահա վերջերս նկարահանեցինք միանգամից երկու նոր տեսահոլովակ: Առաջինը` «Հայկական հարսանիք» երգի հիման վրա նկարահանեցինք, որտեղ ամեն հնարավոր բան արել ենք մեր թիմով, որպեսզի կարողանանք պահպանել մեր բոլոր հայկական ավանդույթները, իսկ մյուս տեսահոլովակը, որը նկարահանել ենք «Ես քեզ սիրում եմ» երգի հիման վրա, նկարահանել ենք բնության գրկում, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի ափին: Ասեմ նաև, որ այս երգերիս հեղինակն է երգահան ու երաժիշտ Լևոն Աբրահամյանը, ով նաև իմ պրոդյուսերն է:

 Արդեն 10 տարի է` բեմում եք, այս տարիների ամենամեծ ձեռքբերումը և առաջիկա ծրագրերը:

 Իմ ամենամեծ ձեռքբերումը ժողովրդի կողմից սիրված լինելն է, որի համար շատ ուրախ ու երջանիկ եմ, իսկ ապագայում իհարկե կլինեն բազում անակնկալներ նոր երգերի ու նոր տեսահոլովակների տեսքով, ինչպես նաև, երբ Հայստանում լինեմ, կլինի իմ առաջին մենահամերգը իմ հայաստանյան հանդիսատեսի համար:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին